Մարմնի զանգվածի հաճախակի տատանումները քայքայում են 1-ին տեսակի դիաբետ ունեցող մարդկանց երիկամները.
Բորդոյի համալսարանական հիվանդանոցի ֆրանսիացի գիտնականների խումբը պարզել է, որ մարմնի զանգվածի փոփոխությունները, որոնք հայտնի են որպես «յո-յո դիետա», զգալիորեն մեծացնում են 1-ին տեսակի դիաբետ ունեցող պացիենտների երիկամների հիվանդության հավանականությունը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Endocrinology & Metabolism-ում (JCEM):
Յո-յո դիետան, որը բնութագրվում է քաշի կրկնակի կորստով եւ ավելացումով, տարածված է տղամարդկանց 35 տոկոսի եւ կանանց 55 տոկոսի մոտ: Անվանումը կապված է յո-յո խաղալիքի հետ (առանցքով միացված երկու սկավառակի կառուցվածք), որը իներցիայի ազդեցության տակ իջնում եւ բարձրանում է առանցքին ամրացված պարանի երկայնքով։
Նախկինում ապացուցվել է, որ այս սննդակարգը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդկանց մոտ:
Հետազոտողները վերլուծել են դիաբետի վերահսկման եւ բարդությունների ուսումնասիրության (DCCT) եւ դիաբետի միջամտությունների եւ բարդությունների համաճարակաբանության (EDIC) 1 432 մասնակիցների տվյալները: Նրանք ուսումնասիրել են մարմնի զանգվածի վեց տարվա ցուցանիշները՝ օգտագործելով «միջինից անկախ փոփոխականություն» (VIM) ինդեքսը, որը չափում է յուրաքանչյուր անհատի քաշի միջինից բարձր եւ ցածր տատանումները:
Արդյունքները ցույց են տվել, որ ավելի մեծ քաշի տատանումներ ունեցող մասնակիցների մոտ թնջուկային ֆիլտրման արագությունը 40 տոկոսով նվազում է ելակետային արժեքներից: Սա միջոց է, որն արտացոլում է այն, թե երիկամները որքան լավ են զտում տոքսիններն արյան միջից: Բացի այդ, այս պացիենտների մոտ ավելի հավանական է եղել ալբումինուրիայի առաջացումը, վիճակ, երբ մեզի մեջ ավելացել է ալբումինի սպիտակուցը, ինչը երիկամների հիվանդության նշան է:
Չնայած մեխանիզմները, որոնք կապում են քաշի տատանումները երիկամների վնասման հետ, լիովին պարզված չեն, հետազոտության հեղինակներն առաջարկել են մի քանի վարկածներ: Հնարավոր պատճառներից մեկը 1-ին տեսակի դիաբետի բուժման համար անհրաժեշտ ինսուլինային թերապիան է, որը կարող է նպաստել քաշի ցիկլայնությանը: Բացի այդ, մարմնի քաշի հաճախակի փոփոխությունները լրացուցիչ սթրես են առաջացնում սրտի եւ արյան անոթների վրա, ինչը կարող է վատթարացնել երիկամների վիճակը:
