Մարդկանց մեջ տագնապ կա՝ ի՞նչ են անելու, եթե բանկը որոշեց չընդառաջել

Այսօր ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով արտակարգ դրության և սահմանափակումների ժամանակ օրենքի ուժով պետք է տրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ բոլոր ֆիզիկական անձանց։
ՀՀ կենտրոնական բանկն էլ իր հերթին հայտարարություն է տարածել, որով դատապարտում է տարբեր մարդկանց կողմից ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը:
«Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ:
ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները»,- ասվում է հայտարարության մեջ։
«Հրապարակի» հետ զրույցում Ուրիխանյանը նշեց, որ ճիշտ կլինի ԿԲ-ին հարցնել՝ ինչ ճնշման մասին է խոսքը։ Պատգամավորի խոսքով՝ չի կարող ասել ԿԲ տարածած հայտարարությունը որքանով է առնչվում իր օրինագծի հետ։
«Հակառակը, ես կարծում եմ, որ այստեղ որևէ հակասություն չի կարող լինել, որովհետև ամսի 16-ին Կենտրոնական բանկի կողմից արված հայտարարությունը հենց այս տրամաբանության մեջ է, որով ԿԲ-ն կոչ էր արել բանկերին դրսևորել այս մոտեցումը։ Ի հեճուկս դրան բազմաթիվ բանկեր հայտարարեցին որոշակի հավանական զիջումների մասին, որոշ բանկեր դեկլարատիվ հայտարարեցին։ Մի խոսքով, չեմ կարծում, թե սա ուղղված է իմ նախագծին, եթե ուղղված է, ապա վատ է, դա նշանակում է, որ ԿԲ-ն ուշադրություն չի դարձնում այն թվին, որը ցույցի է տալիս Հայաստանում վարկառուների քանակը՝ 1մլն 600 հազար, որից 550հազարը սպառողական։ Իմ նախագիծն էլ բխում է հենց ԿԲ-ի ամսի 16-ին արած հայտարարությունից»,- ասաց Ուրիխանյանը։
Պատգամավորը պնդեց՝ այո, բանկերի զգալի մասը հռչակագրային մակարդակով պատրաստակամությունը հայտնել է , բայց այստեղ առաջարկվում է, որպեսզի չլինի որևէ խտրականություն, առհասարակ կարգը գործի բոլորի համար։
«Իրական մտահոգությունը, որը դրդեց այս նախագիծը ներկայացնելու մարդկանց մեջ եղած տագնապն է, մարդկանց մեջ իրոք տագնապ կա։ Տագնապ կա հատկապես օրական եկամուտով ապրող կամ եկամուտը սեփական գործունեությամբ ձեռք բերող մարդկանց մոտ։ Տագնապ է առաջանում՝ թե ինչ է անելու մարդը, եթե բանկը, ասենք, որոշեց չընդառաջել»,- հավելեց պատգամավորը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )