Մասնագետը նշել է՝ ում են առավել հաճախ խայթում մոծակները
Մոծակների խայթելու հաճախականությունը կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ արյան խմբից, մարմնի ջերմաստիճանից ու ֆիզիկական ակտիվությունից։ Այս մասին գրում է osnmedia.ru-ն՝ վկայակոչելով թերապևտ Տիմուր Ասանովին։
«Մոծակների նախասիրությունների վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ քաշը, ջերմաստիճանը, շնչառության հաճախականությունը, բույրն ու անգամ արյան խումբը», – նշել է մասնագետը՝ ընդգծելով, որ հաճախ մոծակները խայթում են այն մարդկանց, որոնք գերադասում են սպորտով զբաղվել բնության գրկում։ Սա պայմանավորված է նրանով, որ այս միջատներին գրավում է կաթնաթթուն, որն արտադրվում է մկանների մեջ ֆիզիկական ակտիվության ժամանակ։
Բացի այդ, մոծակներին կարող են գրավել նաև հաճախակի դարձած շնչառությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, օծանելիքն ու քսուքները։ Ընդ որում՝ հատկապես գրավիչ են նարդոսի բույրով օծանելքին ու քսուքները։
Մոծակները բավական հաճախ են խայթում նաև ավելորդ քաշ ունեցողներին, առաջին խմբի արյուն ունեցողներին ու ոգելից խմիչքների սիրահարներին։ Ընդ որում՝ վերջինի դեպքում անգամ փոքր քանակությամբ գարեջուրը բավական է մոծակներին գրավելու համար, հավելել է Ասանովը։
