-Shadow-Here--Shadow-Here- Մանդատները վայր դրած պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով – ԱՄԲԻՈՆ NEWS

Մանդատները վայր դրած պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով

«Հայաստան» խմբակցության պագմավորական մանդատից հրաժարված Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը կուսակցության հայտարարությունից զատ, հանդես են եկել նաև առաջին հայտարարություններով։

Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « Սիրելի հայրենակիցներ,
այսօր ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել:
Շուրջ մեկ ու կես տարվա խորհրդարանական աշխատանքով փորձել եմ մասնագիտական ունակություններս ու աշխատանքային կարողություններս ծառայեցնել ի շահ հայրենիքի և միայն հայրենիքի:
Անշուշտ, եղել են նաև թերացումներ և ձախողումներ, որոնք ստեղծված իրողությունների պայմաններում միշտ չէ, որ բխել են մեր աշխատանքից:
Շնորհակալություն եմ հայտնում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքի իմ գործընկերներին` մաղթելով հաջողություններ խորհրդարանական աշխատանքի հետագա ընթացքում:
Ներողություն եմ խնդրում վստահության քվե տված բոլոր այն քաղաքացիներից, ում հույսերն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չարդարացվեցին:
Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումների և գոյություն ունեցող խնդիրների լուծման նկատմամբ ունեցածս պատասխանատվության հետ:
Հետագա գործունեությանս մեջ շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին և գաղափարներին՝ անկախ կարգավիճակից` իմ հետագա աշխատանքի մեջ գերակա պահելով հայրենիքի շահը»:

Ելենա Կիրակոսյանը գրել է․ «Տեղեկացնում եմ, որ այսօր ներկայացրել եմ պատգամավորական մանդատից հրաժարվելու իմ դիմումը։ Հանդիսանալով «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, կուսակցությունը սույն թվականի նոյեմբերի
28 –ին որոշում է կայացրել դադարեցնելու իր գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Այս որոշումը երկար քննարկումների և խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է։ Մեր կուսակցության ներկայացուցիչներն արել են ամեն բան ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու համար։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ աշխատանքներն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր։ Հիմք ընդունելով այդ մոտեցումը, որոշում է կայացվել կուսակցության գործունեությունը շարունակել ընդդիմադիր դաշտում իբրև արտախորհրդարանական ուժ՝ հավատարիմ մնալով կուսակցության կողմից հռչակված արժեքներին ու քաղաքականությանը։
Ես, իմ պատգամավորական գործունեության ընթացքում, փորձել եմ բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև, փորձել եմ օգտակար լինել բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն հարցում իմ աջակցության և միջամտության կարիքն են ունեցել։ Եղել եմ և շարունակելու եմ լինել ազնիվ իմ սկզբունքների մեջ։
Բարձր գնահատելով այն անցած ուղին, որ ունեցել ենք «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ, ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել համատեղ անցած ճանապարհի և համատեղ կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն իրենց գործունեության և պայքարի մեջ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )