Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտնում է Ժապարովի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ նախօրեին նա մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն ընթացել է տեսակապային ձեւաչափով եւ նվիրված է եղել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։ Այն հրավիրված է եղել Հայաստանի նախաձեռնությամբ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ղրղզստանի նախագահը ասել է, որ իր երկիրը չափազանց անհանգստացած է, որ իրադրությունը սրվել է Ղրղզստանի համար բարեկամ երկու երկրի սահմանին։ Ընդգծելով, որ իրավիճակը պետք է կարգավորվի միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, նախագահ Ժապարովը հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ հետագայում զերծ կմնան ուժի կիրառումից եւ միմյանց հետ ունեցած հակասությունները կկարգավորեն խաղաղ միջոցներով՝ միմյանց միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդումով։
