Ղազախստանը թույլ չի տա Հայաստանին ՀԱՊԿ-ն օգտագործել որպես ռազմական դագանակ․ Դոսիմ Սատպաեւ
Հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացման հետ կապված ասպարեզ իջավ ՀԱՊԿ անդամ երկրներին՝ Ռուսաստանին, Հայաստանին, Ղազախստանին, Բելառուսին, Ղրղզստանին եւ Տաջիկստանին այդ հակամարտության մեջ ներքաշելու հարցը։ Միջազգայնագետ-փորձագետները այս առնչությամբ մատնանշում են, որ Հարավային Կովկասում քիչ հավանական են ՀԱՊԿ կողմից համաձայնեցված գործողությունները Երեւանի դիրքորոշման պատճառով, որը «խաթարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այդպիսով դառնում անկայունության պատճառ ռեգիոնում»,- ինչպես արձանագրում է IslamNews.ru-ն։
Ղազախստանցի փորձագետ Դոսիմ Սատպաեւը կարծում է, որ «Ղազախստանը թույլ չի տա Հայաստանին կազմակերպությունը օգտագործել սեփական ռազմական նպատակների համար։ Երեւանը պետք է հստակ հասկանա, որ ՀԱՊԿ-ը չի դառնա Երեւանի ձեռքին ռազմական դագանակ եւ որեւէ պատճառաբանությամբ դաշինքի անդամները չեն մասնակցի ընդդեմ Ադրբեջանի որեւէ գործողության»։ Նա ընդգծել է, որ Ղազախստանը մշտապես հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին եւ կոչ արել հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Ղազախստանի համար սահմանների անձեռնմխելիությունն ու անխախտելիությունը հետխորհրդային տարածքում արտաքին քաղաքական առանցքային հարցերից է հանդիսանում։ Ժամանակին Ղազախստանը նույնիսկ դեմ էր, որ Հայաստանը ընդգրկվի ԵԱՏՄ կազմ, Ադրբեջանի հետ տարածքային չլուծված հակասությունների պատճառով։ Նա հիշեցրել է, որ «Հայաստանը ժամանակին կոչ է արել հեռացնել Ղազախստանին եւ Բելառուսին ՀԱՊԿ-ից այն բանի համար, որ վերջիններս համագործակցում են Ադրբեջանի հետ եւ աջակցում նրան։ Մասնագետը IslamNews.ru-ի հետ զրույցում ներկայացրել է նաեւ ադրբեջանա-ղազախական համագործակցությունը տարբեր հարթակներում եւ ֆորմատներում, ինչպես օրինակ Թյուրքական խորհրդում։
