Ձեր սիրելի շան կլոնը կարժենա 50,000 դոլար. իրենց կենդանիներին «այլ աշխարհից վերադարձնել» ցանկացողների հերթը ձգվել է 5 ամիս

ԱՄՆ-ում զարգանում է կենդանիների կլոնավորման բիզնեսը։ «Կլոնավորումն աճում է այնքան արագ, որքան մենք կարող ենք արդյունավետորեն կառավարել այդ աճը»,-ասել է ViaGen-ի նախագահ Բլեյք Ռասելը: Սա ԱՄՆ-ում միակ ընկերությունն է, որն առաջարկում է կենդանիների կլոնավորում եւ ներկայումս ունի հինգ ամսվա սպասման ցուցակ: (Հյուսվածքի նմուշը պետք է հավաքվի ընտանի կենդանու մահից հետո հինգ օրվա ընթացքում, բայց այն կարող է սառեցվել տասնամյակներ շարունակ):

Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին՝ կենտրոնանալով ձիերի եւ անասունների գենետիկական պահպանման վրա։ 2015 թվականին այն գործարկեց ViaGen Pets-ը՝ կատուների եւ շների սիրահարներին առաջարկելով իր կլոնավորման ծառայությունները: Բիզնեսը կրկնապատկվել է 2017-ից 2022 թվականներին, եւ Ռասելն ասաց, որ այժմ տարեկան մոտ 200 ընտանի կենդանի է կլոնավորում:

Նախկինում նրանք, ովքեր ցանկանում էին կլոնավորել ընտանի կենդանիներին, ստիպված էին մեկնել Հարավային Կորեա, որտեղ 2005 թվականին կլոնավորվեց առաջին շունը՝ Սնուփի անունով աֆղանական որսը:

Չնայած կլոնավորումը գնալով ավելի տարածված է դառնում, այն շարունակում է մնալ բավականին թանկ:

Նյու Յորքի գործարար Օսթինը վերջերս 50,400 դոլար է ծախսել՝ կլոնավորելով իր Յորքշիրյան տերիեր Կեսարին, որը մահացել էր հունվարին։

«Ես այնքան սրտացավ էի եւ էմոցիոնալ կապված, եւ այս ճանապարհով անցնելը Կեսարին վերադարձնելու միջոց էր»,-The Post-ին ասել է նա: «Ինձ համար դա սփոփվելու միակ ճանապարհն էր».

Ընտանի կենդանուն կլոնավորելու համար հյուսվածքային բջիջները հավաքվում, մշակվում եւ սառեցվում են կենդանու մահից առաջ կամ անմիջապես հետո: ViaGen-ը տարեկան 150 դոլար է գանձում՝ ի հավելումն նախնական 1600 դոլարի, նրանց համար, ովքեր ցանկանում են պահել սառեցված հյուսվածքի նմուշները: Կլոնավորումը սկսելու համար նմուշի ԴՆԹ-ն ներարկվում է դոնորական ձվի մեջ, որից հեռացվել է գենետիկական նյութը: Այնուհետեւ ձուն խթանում են էլեկտրականությամբ՝ խրախուսելու բջիջների բաժանումը: Ստացված սաղմերը այնուհետեւ տեղափոխվում են փոխնակ կենդանու մեջ՝ հուսալով, որ գոնե մեկը կպատվաստվի: Եթե ​​պրոցեդուրան հաջող է, փոխնակ «մայրը» կրում է կլոնը մոտ երկու ամիս, ինչպես բնորոշ է շներին ու կատուներին, եւ ծնում է առողջ ձագ կամ ձագեր։

«Նոր կենդանին ունենում է ձեր հին շան բոլոր բջիջները»,-ասում է Օսթինը: Նա հաջողությամբ պատվաստել է երկու սաղմ, իսկ նրա շզան կլոնավորված ձագերը՝ Ջուլիուսն ու Հենրին, այժմ 4 ամսական են։ Նրա խոսքով, նույնիսկ այս տարիքում նրանք արդեն արտասովոր նմանություն են ցուցաբերում իր հանգուցյալ շնիկին. «Այս ձագուկներն անհավատալիորեն նման են Կեսարին»,- ասում է նա: «Ես դեռ շատ եմ կարոտում եւ լաց եմ լինում Կեսարի համար, բայց հիմա ես նրանից մի մասնիկ ունեմ։ Այս շներն ունեն նրա բջիջների եւ ԴՆԹ-ի 100%-ը․ սա գրեթե ռեինկառնացիա է»:

Share This