Հրոսակախմբերը գլխատել են քաղաքապետին՝ պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց

Հանցավորությունից տառապող մեքսիկական Չիլպանսինգո քաղաքի քաղաքապետ Ալեխանդրո Արկոսը դաժանաբար սպանվել է պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց, գրում է The Telegraph-ը։

Ըստ բրիտանական պարբերականի՝ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ Արկոսի կտրված գլուխն ընկած է պիկապ մեքենայի տանիքին, իսկ մարմինը՝ մեքենայի մեջ։

Նրա դիակը հայտնաբերվել է Չիլպանսինգո քաղաքի արևելյան Վիլյաս դել Ռոբլե շրջանում։

Անցյալ երկուշաբթի Արկոսը երդվել էր որպես Գերերո նահանգի վարչական կենտրոն Չիլպանսինգո քաղաքի քաղաքապետ: Նրա մահը կիրակի ուշ երեկոյան հաստատել են երկրի իշխանությունները:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նրան գլխատել են, սակայն նահանգի ​​դատախազությունը ոչ մի մանրամասներ չի հայտնել, երբ հաստատել են նրա մահը:

Մեքսիկացի քաղաքապետի մահը մտահոգություն է առաջացրել Չիլպանսինգոյում, որին խորթ չէ քաղաքական բռնությունները. բնակիչները որոշել են չլքել իրենց տները երեկոյան ժամը 9-ից հետո, իսկ դպրոցներում դասերը դադարեցվել են:

Share This