«Հրապարակ». Ծառայողական քննություն են հայտարարել
Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովից անհետացած առյուծի արձանիկի եւ հոբելյանական հուշամեդալների փաստով դեռեւս ամիսներ առաջ խորհրդարանում ծառայողական քննություն է իրականացվել։ Թե ում են նվիրված հուշամեդալները եւ արձանիկը, ԱԺ-ից ասացին միայն՝ քանի որ հուշամեդալները 2018-ից առաջ ստացածներն են, իսկ ԱԺ թանգարանը ստեղծվել է 2018-ին, մինչ այդ բոլոր հուշամեդալները տարբեր պահոցներում են եղել, եւ շատերի ծագումնաբանությունը՝ թե ում են հասցեագրված, հայտնի չէ։
Ծառայողական քննությունը հայտարարվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից՝ թանգարանի տնօրինության եւ պատկան վարչության նկատմամբ, սակայն «գողոնն» այդպես էլ չի հայտնաբերվել, ու ստիպված դիմել են ոստիկանություն։ Շուրջ մեկ տարի առաջ թանգարանի ընդլայնման-վերանորոգման աշխատանքներ են սկսվել, պարբերաբար թանգարանային նմուշները տեղից տեղ են տեղափոխվել, հերթական տեղափոխության ժամանակ էլ հայտնաբերել են չորս նմուշի բացակայությունը։
