ՀՊՏՀ-ում կայացել է Աշխատանքի տոնավաճառ. մասնակցել է 50-ից ավելի գործատու և շուրջ 3500 աշխատանք փնտրող
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բակում կայացել է Աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպել էր ՀՊՏՀ-ն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ: Նախաձեռնությանն աջակցել է նաև ԿԳՄՍ նախարարությունը, տեղեկացնում է ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միջոցառումը լայն արձագանք էր գտել հասարակության շրջանում և ՀՊՏՀ էին այցելել շուրջ 3500 աշխատանք փնտրողներ, որոնց գերակշիռ մասը՝ երիտասարդներ: Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին 50-ից ավելի ՀՀ առաջատար առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական ընկերությունների, հեռահաղորդակցության ոլորտի, հյուրանոցային բիզնեսի և այլ ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գեղեցիկ ձևավորված տաղավարներում ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերը, այցելուներից վերցնում CV-ներ, վարում հարցազրույցներ:
Աշխատանքի տոնավաճառում ներկայացված էին նաև Էրազմուսի ազգային, Երևանում DAAD տեղեկատվական գրասենյակները, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ինչի շնորհիվ տոնավաճառի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու արտերկրում ուսանելու հնարավորություններին: Բացի այդ, Աշխատանքի տոնավաճառին ներկայացված էր նաև ՀՊՏՀ-ն՝ որպես գործատու. համալսարանի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման, միջազգային կապերի, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինների աշխատակիցները ներկայացնում էին ինչպես համալսարանում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, այնպես էլ Erasmus+ և կրթաթոշակային տարբեր ծրագրերին դիմելու հնարավորությունները, համալսարանում ներկայումս կազմակերպվող կարճաժամկետ դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն:
Աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին ողջունել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նախ շնորհակալություն հայտնելով գործընկերներին, ապա ընդգծելով, որ միջոցառումն աննախադեպ էր իր մասնակից կազմակերպությունների և այցելուների թվով: Բուհի ղեկավարը նշել է, որ կրթություն-աշխատաշուկա կապի սերտացմանն ուղղված միջոցառումները ՀՊՏՀ-ում շատ են կարևորվում և այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն նոր ծրագրեր, որոնց նպատակն է վեր հանել գործատուների պահանջարկը և ՀՊՏՀ-ում իրականացվող կրթության որակի բարձրացման միջոցառումները համապատասխանեցնել գործատուների կարիքներին: Նա նաև շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակից կազմակերպություններին՝ նրանց հրավիրելով նոյեմբերի վերջին կայանալիք աշխատաժողովին, որը նվիրված է լինելու ուսանողների փորձառությունների արդյունավետ կազմակերպման և կարիերայի կառուցման ուղիների որոնման հարցերի քննարկմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը ևս ողջունել է Աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ արդյունավետ համագործակցության համար: Նա ընդգծեց, որ այս տոնավաճառը յուրահատուկ է նրանով, որ գործատուները աշխատանք փնտրողներին ներկայացնում են հիմնականում ՀՊՏՀ մասնագիտություններին համապատասխան թափուր աշխատատեղեր: Գործակալության ղեկավարը վստահեցրել է՝ աշխատանք միշտ կա, պարզապես պետք է ակտիվորեն փնտրել:
Այնուհետև ՀՊՏՀ մեծ դահլիճում Աշխատանքի տոնավաճառի մասնակիցները և ՀՊՏՀ ուսանողները և շրջանավարտները մասնակցեցին զրույց-ներկայացումների:




