ՀԿԵ նոր պետը տեղ չի հասնում բքի պատճառով

Տեղեկացրել էինք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նախկին տնօրեն Սերգեյ Վալկոն իր անսպասելի հրաժարականից հետո հեռացել էր, որպեսզի երկուշաբթի օրը ընկերության աշխատակիցներին իրեն փոխարինողի պաշտոնում ներկայացնի «Հյուսիսկովկասյան երկաթուղու» տնօրենի առաջին տեղակալ Ալեքսեյ Մելնիկովին։
Գիշերը Հայաստան եկած Վալկոն և ՀԿԵ-ի աշխատակիցները այսօր մեծ իրարանցման մեջ սպասում էին Մելնիկովի ժամանմանը, սակայն նրա Երևան ժամանումը Ռուսաստանում բքի ու հետաձգված չվերթների պատճառով դեռ տեղի չի ունեցել։ Մեր զրուցակիցը՝ իրավիճակը ներկակայացրեց այսպես՝ բոլորը խառնված սպասում են, իսկ նոր պետը չկա։ Սա, ըստ ամենայնի, խառնել է նաև Սուրեն Պապիկյանի ծրագրերը, քանի որ նա նոր պետի հետ հանդիպման արարողությանը պետք է ներկա լիներ հայկական կողմից։
Հիշեցնենք, որ սովորաբար ռուսաստանյան մեծ կոնսորցիումների ՀՀ ուղարկված բարձրաստիճան ներկայացուցիչներին Հայաստանում ընդունում են առաջին դեմքերը։ Բնականաբար, ըստ արդեն հաստատված ավանդույթի՝ սովորաբար նախատեսվում է նաև «Հարավկովկասյան երկաթուղու» նոր տնօրենի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Այլ հարց է՝ կընդունի՞ նա ՀԿԵ նոր պետին, թե ոչ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )