ՀՀ կառավարությունը 2019 թվականի հոկտեմբերի 10-ին «ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ: Ըստ այդմ՝ իր գործունեությունը կդադարեցնի «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ հակատուբերկուլյոզային բաժանմունքը:
Տուբերկուլյոզի ստացիոնար բուժումը մեկ հիվանդանոցում է կենտրոնացվելու՝ Աբովյան քաղաքում: Հիվանդանոցն իրականացնելու է ստացիոնար բուժում: Առողջապահության նախարարությունը լուծել է հիվանդների բուժման հետագա խնդիրը ՝ ամբուլատոր բուժումը կիրականացվի պոլիկլինիկաներում, իսկ ստացիոնար բուժման դեպքում Շիրակի մարզում բնակվող հիվանդը բուժումը ստիպված կլինի ստանալ Աբովյանում:
Շիրակի մարզպետարանից, ԳԱԼԱ-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ հակատուբերկուլյոզային բաժանմունքի փակման արդյունքում աշխատանքից կազատվի թվով 20 ֆիզիկական անձ՝ 3 բժիշկ թոքախտաբան, 9 բուժքույր, 3 սանիտար, 1 խոհարար, 1 մատուցող, 1 դիետ բուժքույր, 2 լաբորանտ:
«Օպտիմալացումը ճիշտ չէ, սա որոշում է, որը կկրճատի ծախսերը: Մեր բաժանմունքը հսկայական աշխատանք է կատարում, լավ աշխատանքի արդյունքում հիվանդությունների թիվն է քչացել, կրճատվել են մահացության դեպքերը: Օպտիմալացումը կբերի նրան, որ հիվանդացությունը կշատանա, որովհետև պոլիկլինիկայում սպասարկելով խնդրին լուծում չի տրվի»,- հայտնեց Գյումրու հիվանդանոցի ինֆեկցիոն- հակատուբերկուլյոզային բաժանմունքի վարիչ Գայանե Մելքոնյանը
Նույն բաժանմունքի բժիշկ Ռուբեն Հակոբյանն օպտիմալացումն անհեթեթ է համարում: «Հիվանդների պակասելը լավ աշխատանքի արդյունք է: Օպտիմալացումը կստեղծի համաճարակ»,- կարծիք հայտնեց բժիշկը:
Հակատուբերկուլյոզային բաժանմունքի հիվանդներն օպտիմալացումը համարում են անտրամաբանական: Նրանցից շատերը հակված են տանը շարունակել բուժումը, քանի որ հնարավորություն չունեն հասնել Աբովյան:
«Եթե ես հիվանդ եմ, ինչղ հասնիմ Աբովյան , ի վիճակի չեմ ընդեղ հասնիմ: Աբսուրդ է էս բուժումը: Բաժանմունքը, որ փակվավ, ես չիդեմ ինչ պտի էղնի կամ ինչղ պտի բուժումս իրականացվի»,- նշեց Կառլեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Գյումրու հակատուբերկուլյոզային հիվանդանոցն արդեն մեկ անգամ օպտիմալացվել է 2007թ.-ին : Այն միացվել էր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին:
Նշենք նաև, որ մարզային տուբդիսպանսերներն արդեն դեկտեմբերից պետական ֆինանսավորում չեն ստանա:





