«Հասմիկ Վիրաբյանի դեմ արշավը շարունակվում է․ կեղծ էջերից մինչև հնարավոր սպառնալիքների մասին ձայնագրություն»

Վերջին ամիսներին Ambion.news լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն, լրագրող և հասարակական-քաղաքական գործիչ Հասմիկ Վիրաբյանի դեմ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, իրականացվում է համակարգված արշավ։

Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այս փուլում չենք հրապարակում գործի հետ կապված մանրամասները։ Սակայն արդեն իսկ արձանագրվել են մի շարք հանգամանքներ, որոնք, մեր գնահատմամբ, պահանջում են իրավապահ մարմինների անհապաղ ուշադրությունը։

Մասնավորապես՝ սոցիալական ցանցերում բացվել են Հասմիկ Վիրաբյանի անունով կեղծ Facebook-յան էջեր, փորձեր են արվել նրա անվամբ ընկերության հայտեր ներկայացնել, ինչպես նաև Վիրաբյանի շրջապատի տարբեր անձանց վերաբերյալ տարածվել են զրպարտիչ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս ամենով արշավը չի սահմանափակվել։

Մեր տրամադրության տակ է նաև տեսանյութ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրության, հանրային տրանսպորտում խմբի անդամներից մի կին հեռախոսազրույցի ընթացքում խոսում է լրագրողների՝ այդ թվում Հասմիկ Վիրաբյանի, Արամ Դավթյանի և Անահիտ Չալիկյանի դեմ հնարավոր գործողությունների մասին։

Տեսանյութի բովանդակության և դրանում հնչող խոսքերի իսկությունը գնահատելու իրավասությունը թողնում ենք իրավապահ մարմիններին։ Մենք պատրաստվում ենք տեսաձայնագրությունը փոխանցել համապատասխան մարմիններին՝ դրա ամբողջական և օբյեկտիվ քննության համար։

Միևնույն ժամանակ, Ambion.news-ը կոչ է անում իրավապահ մարմիններին ուշադրություն դարձնել ոչ թե առանձին դրվագների, այլ ամբողջ շղթայի վրա՝ պարզելու՝ արդյոք առկա են համակարգված գործողություններ, դրանց պատվիրատուներ, կազմակերպիչներ և կատարողներ։

Հատկապես կարևոր ենք համարում նաև Գյումրիում գործող՝ հայկական ասոցիացիայի անվան հետ  կապվող տրանշի անվան տակ  տարբեր քաղաքացիներից  գումարիների ոսկիների շորթման դեպքեր այդ թվում՝ նաև մեր խմբագրից ով ամիսներ առաջ է    հայտարարել է նյութական վնասների մասին։

Այս փուլում որևէ անձի չենք մեղադրում հանցագործության մեջ։ Սակայն, եթե առկա են կեղծ էջերի ստեղծման, անձանց անունից գործողություններ կատարելու, զրպարտության և հնարավոր սպառնալիքների փաստեր, դրանք պետք է ստանան իրավական գնահատական։

Ambion.news-ը շարունակելու է ներկայացնել փաստերը՝ հրապարակելով միայն ստուգված և անհրաժեշտության դեպքում իրավապահներին փոխանցված նյութերը։

**Իրավապահ մարմիններին մեր կոչը պարզ է՝ ուսումնասիրել ամբողջական պատկերը և պարզել՝ ովքե՞ր են կանգնած այս արշավի հետևում և ի՞նչ նպատակ է այն հետապնդում։**

Share This