Հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով. Շառլ Միշելը` եռակողմ հանդիպման մասին
Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր կարևոր խնդիրները։ Կողմերը ունենան առաջխաղացում։ Sputnik Արմենիայի հաղորդմամբ, այս մասին հանդիպումից հետո ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մեր հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով»,- ասել է Միշելը։
Նա նշել է, որ «առաջնորդները հաստատել են միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին ու հարգել համապատասխանաբար Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»։
Միշելը հայտնել է, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատել։
Շառլ Միշելն ասել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու գործին ՝ հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին Բրյուսելում։
Հիշեցնենք, որ նախքան եռակողմ հանդիպումը Շառլ Միշելը երեկ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
