Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաների շարադրությունները՝ որպես պատմական վկայություններ
Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաների շարադրությունները՝ որպես պատմական վկայություններ.
Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներից շատերը տեղավորվում են Երևանի որբանոցներում:
1915-1916 թթ. հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը երկու անգամ այցելում է Երևան, լինում Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցում, շփվում Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի հետ: Նա ցանկանում էր տեղեկություններ հավաքել կոտորածների ու տեղահանության վերաբերյալ՝ երեխաներին հնարավորություն տալով կիսվելու իրենց պատմություններով: Հաշվի առնելով մանկական նուրբ ու խոցելի ներաշխարհը՝ Տերյանն այն կազմակերպում է խաղ-դասի միջոցով:
8-15 տարեկան երեխաները շարադրության միջոցով թղթին են հանձնում իրենց պատմությունները՝ վավերագրելով բացառիկ դրվագներ Արճեշի, Շատախի, Ալաշկերտի կոտորածների, կանանց ու երեխաների առևանգումների, Վանի ինքնապաշտպանության, Վասպուրականի գաղթի վերաբերյալ:
Երեխաների հիշողություններում առանձնակի տեղ են զբաղեցնում դիմադրական մարտերը՝ «Վանի կռիւը», «Վանի պատերազմ» վերնագրով, որին գործուն մասնակցություն էին բերել նրանցից շատերը: Այս շարադրությունները (թվով 30, 46 ձեռագիր թերթ) պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։
100 տարի անց’ 2016 թվականին, հայ որբերի այս հուշերն առաջին անգամ հրատարակել է Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը: Գիրքն անվանել է «Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը»:
Շարադրությունները ոչ միայն Հայոց ցեղասպանության բացառիկ վկայություններ են, այլև երեխաների աչքերով և թարմ հիշողությամբ պահպանված ու փոխանցված ժամանակի վկան են:
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
