Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտ է ամերիկյան ներդրումների համար
Գաղտնիք բացահայտած չենք լինի,եթե ասենք,որ կոռուպցիան ցանկացած երկրի ամենամեծ չարիքներից մեկն է հանդիսանում։
Հայաստանում բոլոր ժամանակների իշխանությունները մշտապես հանդես են եկել կոռուպցիայի դեմ վճռական պայքար մղելու ծրագրերով։Անցկացվել են խորհրդակցություններ՝մասնագետների ներգրավմամբ,մշակվել է ռազմավարություն և այլն։Բայց այս ամենը մեծ հաշվով իմիտացիոն բնույթ էր կրում և պատասխանատվության էին ենթարկվում հիմնականում մանր կոռուպցիոներները,իսկ «շնաձկները»,որպես կանոն,մնում էին անպատիժ։
2018 թ-ին,երբ Հայաստանում սկիզբ առան հայտնի իրադարձությունները,այն ժամանակ դեռ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հստակ շեշտադրում արեց՝կոռունցիայի դեմ անզիջում պայքար մղելու վրա։Սա պոպուլիստական քայլ է,որը հարմար պահին կիրառվում է բոլոր քաղաքական գործիչների կողմից՝նպատակ ունենալով գրավել հասարակության լայն շերտերի աջակցությունը։Փաշինյանին այն ժամանակ դա հաջողվեց։Բայց որքանո՞վ էր նա անկեղծ՝իր այդ խոստումներին,այսպես ասած,միս ու արյուն հաղորդելու հարցում։
Այս իշխանության օրոք էլ,կոռուպցիայի դեմ պայքարը մեծամասամբ իմիտացիոն բնույթ է կրում և էական արդյունքներ դեռ տեսանելի չեն։Իսկ արդարացումներ միշտ էլ կգտնվեն։Ներկայիս իշխանությունները՝նախորդներին այս հարցում չեն զիջում։Սակայն,ամբողջ խնդիրը կայանում է նրանում,որ մարդիկ հոգնել են այդ արդարացումներից,շատերին այն պարզապես վրդովվեցնում է։Կոնկրետ արդյունքներ են ակնկալում տեսնել,իսկ դրանք չկան ու չկան։Ներկաները մեղադրում են նախկիններին,որ վերջիններս ժառանգել են խիստ կոռումպացված դատաիրավական համակարգ։Լավ,բայց հեղափոխությունից ավելի քան 4 տարի է անցել,իսկ դա բավականին մեծ ժամանակահատված է և ցանկության դեպքում,կարելի էր լուրջ բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում։Բայց դրանք մնացին օդում կախված՝դատաիրավական համակարգը ինչպես կար կոռումպացված,այնպես էլ մնաց,և ոչ մի անկախ դատական համակարգ էլ չունենք։Ու՞ր մնաց ձեր վեթթինգը,ինչու՞ այն այդպես էլ կյանքի չկոչվեց։Ովքե՞ր են այդ ամենի համար պատասխանատվություն կրում։Այս հարցերի պատասխանները իշխանությունները չունեն։Համենայնդեպս,հանրությանը որևէ հոդաբաշխ բացատրություն այս թեմայի շուրջ չի ներկայացվել։Բավական է քայլել փողոցներով և հարց ուղղել մարդկանց,թե ի՞նչ են իրենք մտածում երկրում առկա կոռուպցիոն դրսևորումների մասին,և պատասխանը հաստատ չի գոհացնելու՝այդ չարիքի դեմ պայքար մղող,կամ իմիտացիայով զբաղվող պաշտոնյաներին։Հիմա էլ փորձում են հակակոռուպցիոն դատարան ձևավորել։Որքանո՞վ այս նախաձեռնությունը կարդարացնի իրեն՝դեռ մեծ հարցական է։Չէ,որ այս ոլորտում,ինչպես և ամենուրեք,մեծ դեր է խաղում մարդկային գործոնը։Ասենք,ի՞նչ երաշխիքներ կան,որ այնտեղ չեն հայտնվելու՝փաշինյանական իշխանության կողմից շատ ատելի,նախկինների օրոք պաշտոններ զբաղեցրած դատավորներ և չեն շարունակի տխուր ավանդույթը,արդյունքում այս ամենը վերածելով ֆառսի։Ինչևէ,ժամանակը ցույց կտա,ինչպես ասում են,ամեն ինչ իր տեղը կդնի։
Օրերս,Հայաստանի գործող իշխանության համար,բավականին տհաճ անակնկալ մատուցեց Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը։Հայաստանում,ներդրումային մթնոլորտի մասին զեկույցում,ԱՄՆ Արտաքին դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել էր,որ մեր երկրում առկա կոռուպցիան խոչընդոտ է ստեղծում ամերիկյան ներդրումների համար։Խոսքը հատկապես վերաբերում է արդարադատության համակարգին։Զեկույցում նաև մատնանշվում են խնդիրներ,կապված օրենքի գերակայության,գործող օրենսդրության կիրառության,ինչպես նաև հավասար պայմանների ապահովման հետ։Պետդեպարտամենտի հավաստմամբ,ներդրողները պնդում են,որ մասնավորապես,առողջապահության,կրթության ոլորտներում,ինչպես նաև զինված ուժերում և իրավապահ համակարգում բացակայում է գնումների թափանցիկությունը։Իսկ քաղաքացիական գործեր քննող դատավորները,հասարակության կողմից ընկալվում են որպես նախորդ իշխանությունների ազդեցության տակ գտնվող անձինք։Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությանը,ապա նշենք,որ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի վերաբերյալ,ինչը լուրջ փաստաթուղթ է հանդիսանում,որևէ պաշտոնական արձագանք չի հնչել։Հասկանալի է,երբ ասելիք չկա,օգնության է գալիս լռությունը։
Այսպիսով,փաստենք,որ Թավշյա հեղափոխության հիմնական կարգախոսներից մեկը՝հակակոռուպցիոն պայքարը,անցած այս տարիների ընթացքում,որևէ շոշափելի արդյունքի չի հանգեցրել։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
