Կհայտնվի բանտում․ Նիկոլ Փաշինյանը սպառնաց Աղվան Վարդանյանին
politik.am-ը գրում է. Օրերս մենք տեղեկացրել էինք, որ Երևանում ձևավորվել է նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ, որի աշխատանքները համակարգելու է ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Դեկտեմբերի 18-ին Աղվան Վարդանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով և հայտարարեց․ «Դուք տեսնում եք Քոչարյանի հրապարակային ելույթները, հարցազրույցները եւ աչք ու ականջ ունեցողը կտեսնի, որ իր գնահատականները եւ ներքաղաքական, եւ արտաքին քաղաքական, եւ մեր երկրի իրական խնդիրներին առնչվող, դրանք բացառիկ լայն հայացքով, փորձառու քաղաքական գործչի տեսակետներ են: Այլ տեսակի, ամենօրյա շփման հնարավորությունից նա փաստորեն ապօրինաբար զրկված է:
Բայց այն, որ նա քաղաքականության մեջ է եւ այսօր քաղաքականության օրակարգ թելադրող ամենաառանցքային գործիչներից մեկն է, ակնհայտ է»,-ընդգծեց Աղվան Վարդանյանը:
Աղվան Վարդանյանի ակտիվությունն ու հայտարարությունները անհանգստացրել է վարչապետ Փաշինյանին։ Այսօր նա կառավարության նիստում ակնարկեց, որ Վարդանյանը կարող է հայտնվել բանտում․ «Մարդիկ են եղել, որ այդ տարիներին եղել են նախարար ձեզ հայտնի կուսակցություններից: Այդ ընթացքում բնակարանաշինություն է տեղի ունեցել մանկատների երեխաներին բնակարանով ապահովելու համար: Իսկ ինչու այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին:
Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք, ու պարզվի ինչ-որ բան, ու էդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են, ճի՞շտ է: Հանուն ազգի պետական միջոցները քյաբաբաների վրա ծախսածները հիմա հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ, հիմա որ ասեմ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պտի ասեն ատելության քարոզչություն է իրականացվում», -ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի իշխանափոխության ընթացքում և դրանից հետո իշխանական լրատվամիջոցները շրջանառության մեջ են դրել տեղեկատվություն, ըստ որի իբր Աղվան Վարդանյանը մանկատան սաներին հատկացվելիք բնակարաններ է յուրացրել։ Այս մասին հրապարակային խոսել է նաև իշխանական պատգամավոր Գայանե Աբրահամյանը դեկտեմբերի 18-ին, այսինքն վարչապետի ասյօրվա հայտարարությունից մեկ օր առաջ (աղբյուրն այստեղ)։
Ըստ էության, իշխանության ներսում քննարկել են այս հարցը և որոշում են կայացրել Աղվան Վարդանյանի քաղաքական ակտրիվությունը սաստել այս գործով։
