Կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրում ԱԱԾ պետի հրաժարականը և նմանատիպ խոսքային մենամարտերն անհանգստացնող են. քաղաքագետ
Կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրում, եթե հանգիստ կարելի է նայել, օրինակ, գյուղատնտեսության, էկոնոմիկայի կամ մշակույթի նախարարների հրաժարականներին և դրանից հետո լինող քննադատություններին, ապա Ազգային անվտանգության ծառայության պետի հրաժարականը և նմանատիպ խոսքային մենամարտերը անհանգստացնող են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ վտանգներ է տեսնում, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրենը նման հայտարարություններով է հանդես գալիս:
«Անհանգստացնող է այն առումով, որ ունենք անվտանգային շատ լուրջ մարտահրավերներ, և եթե բարձր պաշտոնյաները սկսած վարչապետից, վերջացրած զինվորական հրամանատարությամբ և անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներով պետք է հայտնվեն ընդդիմադիր դիրքերում և որոշակի փաստեր ի հայտ հանեն, սա մտահոգիչ է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրեն ուղղված հայտարարությանը, թե Վանեցյանի հրաժարականի հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ, իսկ սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա, ասել էր. «Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին»:
Քաղաքագետը նկատեց, որ սա առաջին դեպքն է, երբ նման բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն է անում հրաժարականից հետո:
Նա նշեց, որ մինչ այսօր պաշտոնական բացատրություն չկա, թե ինչն է եղել Վանեցյանի հրաժարականի պատճառը, և Վանեցյանի հայտարարությունից հասկանալի է դառնում, որ խոսքը պետական կառավարման, որոշման կայացման ընթացակարգերից դժգոհությունն է: «Թվում էր՝ սրանով ամեն ինչ կավարտվի, բայց նոր հայտարարությունները և գրառումները ցույց են տալիս, որ հակասությունները բավականին խորքային են»,-ասաց նա:
Ըստ Գարիկ Քեռյանի` այստեղ երկու ասպեկտ կարող է լինել. առաջինը` հակասություններ, որոնք կարող են ծագած լինել անվտանգային հարցերի և արտաքին քաղաքական որոշակի խնդիրների լուծման շուրջ, և երկրորդ` հակասություններ, որոնք կարող են առաջացած լինել ներքաղաքական հարթության վրա: «Ես կարծում եմ, որ երկրորդ տարբերակն է: Իմ կարծիքով՝ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետ շատ մեծ լիազորություններ տրվեցին Ազգային անվտանգության ծառայությանը, և իմ կարծիքով՝ հակակոռուպցիոն պայքարի մեջ ներքաշվեց ԱԱԾ-ն ամբողջությամբ: ԱԱԾ-ի համար առաջին պլան մղվեց հակակոռուպցիոն պայքարը և ինչ-որ տեղ նաև նախկին պաշտոնյաների դատավորությունների, ձերբակալությունների կազմակերպման գործը, որը, իմ կարծիքով, նշանակում էր այս ծառայության վրա լրացուցիչ գործառույթներ դնել` երկրորդ պլան մղելով դատախազությանը, ոստիկանության համապատասխան վարչությանը»,-ասաց նա:
Ըստ Գարիկ Քեռյանի` ամենայն հավանականությամբ հակակոռուպցիոն ճակատում գործողությունների անհամաձայնությունն է, որը բերել է այս երկու գործիչների աշխատանքային ընդհարմանը: «Ես համոզված եմ, որ հակակոռուպցիոն պայքարից է բխել Վանեցյանի հրաժարականը»,-ասաց նա:
Նա նշեց, որ եթե Վանեցյանը հայտարարություններ անի, Նիկոլ Փաշինյանի գուցե ունի լրացուցիչ ռեսուրս նրան պատասխան տալու համար, և հակառակը` Վանեցյանն էլ ունի որոշակի տեղեկատվություն վարչապետին պատասխանելու համար:
Նա ասաց, որ քանի հայտարարությունները չեն հնչել, չենք կարող նշել, թե ինչպես դրանք կանդրադառնան գործիչների վրա, ինչպիսի ազդեցություն կունենան: «Եթե այս խոսքային մենամարտի մեջ առավելություն ձեռք բերի Փաշինյանը, ապա նրա իմիջն է ավելանալու, իսկ Վանեցյանին չի կարող սպառնալ պաշտոնից ազատումը, քանի որ նա արդեն պաշտոնից հեռացել է, այստեղ խոսքը կարող է լինել անձնական վարկանիշի և քաղաքական հնչեղության մեջ»,-հավելեց նա:
