Կիմ Չեն Ընի կինը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ երևացել է հանրությանը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը՝ Ռի Սոլ-ջուն վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ երևացել է հանրությանը, գրում է BBC-ն:

Երկրի առաջին տիկինն ամուսնուն ընկերակցել է երեքշաբթի Mansudae արվեստի թատրոնում կայացած համերգի ժամանակ, որը կազմակերպվել էր Կիմ Չեն Ընի նրա հանգուցյալ հոր ծննդյան օրը նշելու կապակցությամբ:

Նրանց այցելությունից համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է զույգը ծիծաղում՝ դիմակների և սոցիալական հեռավորության կանոնների ակնհայտ բացակայության պայմաններում:

Ռին ժամանակին հաճախ էր ուղեկցում ամուսնուն խոշոր իրադարձությունների ժամանակ, սակայն անցյալ տարվա հունվարից մինչ այժմ նրան ոչ ոք չէր տեսել:

Նրա երկարատև բացակայությունը բնակչության շրջանում մի շարք շահարկումների առիթ էր դարձել: Շատերը ենթադրում էին, որ դա կապված է առողջական խնդիրների կամ հավանական հղիության հետ:

Այնուամենայնիվ, Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը նախօրեին կոնգրեսականներին հայտնել էր, որ Ռին խուսափում է հասարակության մեջ հայտնվելուց`Covid-19-ի հետ կապված մտահոգությունների պատճառով և, հնարավոր է, իր ողջ ժամանակն անցկացնում է երեխաների հետ:

Նշենք՝ մինչ օրս Հյուսիսային Կորեան պաշտոնապես չի հաղորդել Covid-19 դեպքերի մասին, չնայած մասնագետներն այն կարծիքին են, որ նման բան շատ քիչ է հավանական:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )