ԿԸՀ-ն խուսափել է բովանդակային քննությունից և վտանգավոր նախադեպ է ստեղծել. ԵԱԴ հայտարարությունը
Երիտասարդական ակումբների դաշնություն» (ԵԱԴ) հասարակական կազմակերպության դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) 2026 թվականի մայիսի 19-ին կայացրած N 179-Ա որոշմամբ մերժել է առաքելության ղեկավար Ս․ Համբարձումյանի դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը։
Ի՞նչ էր պահանջում ԵԱԴ դիտորդական առաքելությունը
2026 թվականի մայիսի 13-ին ներկայացված դիմումով ԵԱԴ դիտորդական առաքելությունը ԿԸՀ ուշադրությունն էր հրավիրել ընտրական գործընթացում դիտորդական առաքելությունների անկախության, քաղաքական չեզոքության և հանրային վստահության ապահովման առանցքային խնդրի վրա։
Մասնավորապես, դիմումով բարձրացվել էին հիմնավոր մտահոգություններ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի գործունեության վերաբերյալ, որը ողջամիտ կասկածներ է առաջացնում անկողմնակալության և քաղաքական չեզոքության առումով։
Դիմումում արձանագրվել էր, որ նշված անձնավորությունը ներգրավված է եղել գործադիր իշխանության կողմից ձևավորված հանձնաժողովում, ինչպես նաև հրապարակային քաղաքական գնահատականներով և դիրքորոշումներով հանդես է եկել այնպիսի հարցերի շուրջ, որոնք անհամատեղելի են դիտորդության չեզոքության սկզբունքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների տրամաբանության հետ։
