Կետո-դիետան կարող է պաշտպանել վիրուսային վարակներից

Հելսինկիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են անսպասելի կապ գրիպի վիրուսի հանդեպ օրգանիզմի կայունության եւ սահմանափակ ածխաջրով եւ բարձր ճարպային պարունակությամբ դիետայի միջեւ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scandinavian Journal of Public Health (SJPH) ամսագրում։

Կետոգենային դիետան, որը հիմնված է սննդաբաժնում ճարպերի գերակշռության վրա, արդեն ավելի քան 100 տարի օգտագործվում է ծանր նյարդաբանական հիվանդությունների բուժման համար։ Սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի հարաբերակցությունը կետո-դիետայում կազմում է 20-25 տոկոս, 70 տոկոս եւ 5-10 տոկոս համապատասխանաբար։ Առաջնահերթությունը տրվում է առանց գլյուտենի եւ առանց օսլայի ածխաջրերին։

Վերջերս կատարված հետազոտությունը, որն իրականացրել է գիտնականների խումբը սննդաբան Աստրիդ Հեյսմանսի գլխավորությամբ, հայտնաբերել է նոր մեխանիզմ, որը կարող է արմատապես ազդել կանխարգելիչ բժշկության վրա։ Նրանք պարզել են, որ կետոգենային դիետայի ժամանակ օրգանիզմում ակտիվանում են գամմա-դելտա-Т-լիմֆոցիտները, բջիջներ, որոնք կարեւոր դեր են խաղում հակավիրուսային իմունիտետում։

Այնուամենայնիվ, հետազոտության արդյունքները առաջ են բերել տարաձայնություններ փորձագետների շրջանում։ Գիտնականներից ոմանք կարծում են, որ կետոգենային դիետայի երկարատեւ օգտագործման անվտանգությունը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ կլինիկական հետազոտություններ։ Հելսինկիի համալսարանի հետազոտողները մտադիր են իրականացնել դրանք, որպեսզի ստույգ որոշեն կետո-սննդի օպտիմալ տեւողությունը եւ բաղադրությունը։

Share This