Կարսի անկումը․ հուշագրություն
1918թ-ի այս օրերին թուրքական զորաջոկատները գրոհում էին Կարսի վրա։
1917 թվականը, ինչպէս Ռուսաստանի, նոյնպէս և կովկասեան մանր ազգերի համար նոր դարագլուխ եղաւ։ Միապետական րէժիմի տապալվելով նախկին ընդարձակածաւալ Ռուսաստանին ենթարկուած բոլոր ազգերը գլուխ բարձրացրին և իրենց անկախութեան մասին մտածեցին: 1917 թվին արդէն մեծամասնականների պրոպագանդան այնքան էր զօրեղացել, որ պատերազմը չդադարած ռուսական բոլոր զօրքերը լքեցին ռազմաճակատը և ետ դարձան գնդերով դէպի Ռուսաստան, և այդ տևեց ամբողջ 17 թվի ընթացքում մինչև ցուրտ ձմեռ: Կովկասեան ազգերի մէջ ամենից ծանր վիճակը հային էր բաժին ընկած։ Դեռևս 1917 թվի աշնանը զօրապետ Անդրանիկը վերադառնալով Էրզրումից՝ միանզամայն յուսահատութեան մէջ էր: Նա իւր կարծիքն արտայայտեց Աղէքսանդրապօլում, թէ գարունը բացուելուն պէս տաճիկ զօրքը շարժելու է առաջ և անպայման մտնելու է Աղէքսանդրապօլ և Կովկաս:
1918 թվի յունվարին Էրզրումից եկած պաշտօնական անձինք կրկնում և հաստատում էին նոյն կարծիքը, ինչ որ Անդրանիկն էր ասում: Անդրանիկը մինչև անգամ գծում էր այն ճանապարհը, որտեղով տաճիկները պէտք է առաջ խաղային երկու գծով՝ դէպի Աղէքսանդրապօլ և դէպի Արդահան:
Ռուսաց զօրքը Հայաստանից ետ քաշվելուց յետոյ, ամբողջ ռազմաճակատը Սև ծովի ափերից բռնած մինչև պարսկական սահմանը մնում էր բաց տաճկական զօրքերի առաջ: Հայ ժողովուրդը, որ ամբողջ ազգովին զինւոր գրվեր, դարձեալ չէր կարողանալու այդպիսի մի մեծ ռազմաճակատ իր թույու չնչին ոյժերով պաշտպանելու: Բացի այդ հայ զինւորների, սպաների գեներալների մէջ ևս առաջացած լքումն և այլ հանգամանքներ այն աստիճանի էր հասել, որ կարելի է ասել, ճակատում զօրք չկար։
Չնայեած այս բոլորին, ժամանակի հայկական Կառավարութիւնը, յայտնի չէ թէ ինչո՞վ վստահեցած, յոյս ունէր և խրոխտ էր, թէ տաճիկները սահմանը չեն անցնի և թէ անցնեն էլ, իրենց երկիրը անպայման պաշտպանել կարող են: Կառավարութեան գլուխ կանգնածները չկարողացան ըմբռնել այդ դրութիւնը, որ պիտի բերէր 18 թվականի գարունը, չկարողացան օգտվել հանգամանքից, կշռել իրենց ոյժերը, և քանի գայլը որջից չէր դուրս եկե չեզոքացնել նորա յարձակումները, ինչպէս վրացիք արին: Ինքնավստահ հպարտութեամբ տոգորւած, մանը կուսակցական հաշիւներով էին զբաղւած, ամբողջ ազգի ապագան բախտին թողնելով: Հարկաւոր էր լեզու գտնել, խօսել, որոշ կէտի վերայ համաձայնութեան գալ և թոյլ չտալ, որ թշնամին ոտնատակ անի երկիրը:
Եկաւ 1918-ի գարունը։ Հազիւ թէ Էրզրումի լեռները ազատուել էին ձիւնից, Կարաբէքիր փաշան հրաման տուեց զօրքին շարժուել դէպի Էրզրում և Սարիղամիշ, որտեղ նոքա հասան անարգել կերպով մի քանի օրում, որով հետև ոչ մի տեղ զօրք չկար, սակաւաթիւ եղած զօրամասերն էլ շարունակ ետ էին քաշվում. հետևապէս ընդդիմադրութիւն ումի՞ց պէտք է սպասէին: Դեռևս տաճիկները Սարիղամիշ չէին հասել, որ Խատիսեանը Պօլսից հեռագրել էր Երևանի հայկական Կառավարութեանը, որ ամէն ջանք գործադնեն և տաճիկների հետ հաշտութեան պայման կնքեն: Տաճիկներն իրենք Սարիղամիշում, թէ Կարաուրգանում կանգնեցին, և ցանկացան հաշտու թիւն կնքել հայերի հետ, կարծելով թէ հայերը իրենց դիտմամբ ներս են քաշում մի լաւ ջարդելու համար: Սակայն չգիտէին, որ հայերին պակասում էր 1812 թվի ռուս զօրահրամանատար Կուտուզովը: Հայ զինւորական ու այլ նախարարները յոխորտալով պատասխանեցին տաճիկներին: Մինչեւ իսկ զինւորական նախարար Ռուբէնը յայտնել էր թէ մի քանի ժամում Երզնկայ կհասնենք։ Եւ ինքը քաջաբար մինչև Աղին կայարանը գնացել էր, ինչպէս ասացին, բայց երբ լսում է, թէ տաճիկները Սարիղամիշն անցել են, ինքն էլ այլևս առաջ չի գնում, այլ ետ է դառնում:
Տողերիս գրողը այդ ժամանակ, 1918 թվի ապրիլի սկզբներին, կարգադրութիւն էր ստացել Երևանի թեմակալ առաջնորդից գնալ Կարս, փակել հոգևոր կառավարութեան հաշիւները և մատեաններն ու առձեռն դրամը տանել առաջնորդին ներկայացնել: Երբ ես Կարսում այդ հաշիւներն էի ստանում գանձապա տ. Խորէն քահ. Ստամբօլցեանից, տաճիկներն արդէն եկել և Բէգլի-Ահմէդին տիրել էին: Կարսի ժողովուրդը մի սարսափելի դրութեան մէջ էր, գլուխը կորցրել, չգիտէր ի՞նչ անէր: Յաջորդ օրը ինձ շատ կանուխ արթնացրեց ժողովրդի գոռիւն-գոչիւնը, վայնասունը, որոնք լեղապատառ մեծ ու փոքր, կին, մարդ, երեխայ, շատերն հորթ ու տաւար առաջ արած, երկնքից տեղացող անձրևի տակ շտապում էին դէպի կայարան։ Ինձ հաղորդեցին, որ տաճիկներն արդէն նախընթաց երեկոյեան տիրել են Վլադիկարսին:
Ես ևս շատ ծանր դրութեամբ, որովհետև մնացել էի կանգնած և պատահաբար հանդիպած մի քահանայի օգնութեամբ Կարսի հոգևոր կառավարութեւան գանձապահական մատեանները վերցրած իրերիս հետ անձրևի տակ շտապեցի կայարան, որտեղ բարի մարդիկ յաջողեցին մի տոմս գտնել ինձ համար, և ես հազիւ Կարսից մեկնող վերջին գնացքը մտայ ու միջանցքում կանգնելու տեղ գտայ: Այդ կլինէր առաւօտեան ժամի 7-ին։ Գնացքը թէև շարժուեց, բայց այնպես դանդաղ էր գնում, որ ոտքով աւելի շուտ կարելի էր գնալ։ Վագոնների տանիքներն անգամ ծածկված էին մարդկանցով: Կարծում էին և լուրեր էր տարածւած, որ տաճիկներն արդէն Մադրայի մօտ գիծը կտրել են: Սակայն այդ լուրը սուտ դուրս եկաւ, այնուամենայնիւ 3 ժամւայ ճանապարհը մեր գնացքը անցաւ 9 ժամում, և հազիւ ճաշից յետոյ ժամի 4-ին Աղէքսանդրապօլ հասանք: Տաճիկները շատ չնչին դիմադրութիւն գտնելով՝ Կարսին տիրեցին ու անմիջապէս շարժւեցին Աղէքսանդրապօլի վերայ և արդէն ապրիլի 10-ին Ախուրեանի մօտ կանգնած էին:
ՄԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋ ՏԱՃԻԿՆԵՐԻ ԱՂԷՔՍԱՆԴՐԱՊՈԼԸ ԳՐԱՒԵԼՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ. 1918 Թ.
Արտակ եպիսկոպոս Սմբատյանց
Շիրակի թեմի առաջնորդական փոխանորդ
1918թ․
Լուսանկարում Կարսն է 1885-90 թվականներին
