Կանադայում ուժեղ անտառային հրդեհներ են, ծուխը հասել է ԱՄՆ (լուսանկարներ, տեսանյութ)

Կանադայում անտառային հրդեհների քանակն ու ուժգնությունը կարող են գերազանցել բոլոր ռեկորդները։ Ինչպես հայտնել է վարչապետ Ջասթին Թրյուդոն, Կանադայում այժմ 414 անտառային հրդեհ է բռնկվել, որոնցից 239-ը վերահսկողությունից դուրս են։ Ավելի քան 20 հազար մարդ տարհանվել է իրենց տներից, գրում է BBC-ն։

Միայն Քվեբեկում կա ավելի քան 150 ակտիվ հրդեհ՝ չնայած այն հանգամանքին, որ տեղի հրշեջները հնարավորություն ունեն մարելու ոչ ավելի, քան 40 հրդեհ միաժամանակ։

Այս հրդեհների ծուխը տարածվել է նաև ամերիկյան քաղաքներում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում և այլն։ ԱՄՆ-ն շտապ օգնություն է իր ուղարկել հյուսիսային հարևանին։

Բացի Քվեբեկից, այրվում են 3,3 միլիոն հեկտար անտառներ Բրիտանական Կոլումբիայում, Ալբերտայում, Օնտարիոյում, Նոր Շոտլանդիայում և Հյուսիսարևմտյան տարածքներում։

Մոտակայքում բռնկված հրդեհները ստիպել են հազարավոր կանադացիների տարհանվել, և տասնյակ միլիոնավոր մարդիկ Հյուսիսային Ամերիկայում զգուշացվել են օդում տարածվող ծխի հնարավոր վտանգի մասին:

Կանադայի և ԱՄՆ-ի շատ քաղաքներում, այդ թվում՝ Տորոնտոյում, Օտտավայում, Նյու Յորքում և Վաշինգտոնում, երկինքը դարձել է նարնջագույն: Օտտավայի իշխանությունները հրդեհներից օդի աղտոտվածությունը չափազանց վտանգավոր են համարում մարդկանց, հատկապես՝ շնչառական հիվանդություններով տառապողների առողջության համար։

Նյու Յորքում և Վաշինգտոնում հանրային դպրոցների գործունեությունը դադարեցվել է, և Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը նախազգուշացրել է, որ իրավիճակը կարող է վատթարանալ և կոչ է արել հանրությանը անհարկի դուրս չգալ տնից:

Էրիկ Ադամսն ասել է, որ նյույորքցիները երբեք նման բան չեն տեսել և իրավիճակը անվանել է աննախադեպ:

«Սպիտակ տունը հայտնել է, որ օգնություն է ուղարկում Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: ԱՄՆ-ի ավելի քան 600 հրշեջներ, որոնք հագեցված են հատուկ ինքնաթիռներով, արդեն օգնում են իրենց կանադացի գործընկերներին դեպքի վայրում»,-ասել է մամուլի խոսնակ Կարին Ժան-Պիերը:

 

Share This