«Ծրարում տեղադրեք թիվ 6 քվեաթերթիկը»․ կոչ՝ «Միասնության թևեր»-ի օգտին
Իմ բոլոր հարազատներին, ընկերներին, մտերիմներին և առհասարակ՝ ինձ լավ ճանաչելու ուժով հայրենիքի նկատմամբ իմ անսահման նվիրվածությունն ու սերը, պետական ծառայության ընթացքում իմ արդարացի, բացառապես պետության շահերից բխող մոտեցումները կասկածի տակ չդնողներին կոչ եմ անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ծրարում տեղադրել թիվ 6 քվեաթերթիկը՝ այդպիսով քվեարկելով Արման Թաթոյանի, այսինքն «Միասնության թևեր» կուսակցության օգտին։
Ընկերներիցս մեկի հետ վերջերս տեղի ունեցած զրույցից ելնելով՝ ստիպված եմ պարզաբանել մի կարևոր հանգամանք. նշված կուսակցության նախընտրական ցուցակում չլինելս թող որևէ մեկիդ մոտ հանկարծ դիրքորոշման փոփոխության չհանգեցնի, քանի որ դա բխում է իմ ցանկությունից։ Ցուցակի հինգերորդ համարում ներգրավվելու վերաբերյալ Արման Թաթոյանի առաջարկությունից ըստ էության հրաժարվել եմ (ասել եմ՝ եթե հրաժարումով իրեն նեղացնելու եմ, ապա ստիպված կլինեմ համաձայնել, ինչին վերջինս ըմբռնումով է մոտեցել) կոնկրետ հիմնավորումներով՝ քաղաքականությամբ զբաղվելու նպատակ, առավել ևս՝ ժամանակ չունեմ, քանի որ գերծանրաբեռնված եմ փաստաբանական աշխատանքով, պատգամավորական մանդատ ցանկացած պարագայում չեմ վերցնելու և այլն։ Բացի այդ՝ ես բնավորությամբ ինքնուրույն մարդ եմ, ինչն ինձ համար շատ թանկ է և բնավ չեմ ցանկանա այն կաղապարել քաղաքական հարցերով։ Ի սկզբանե քաղաքական նախաձեռնությանը, ներկայումս՝ կուսակցությանը սատարում եմ համակուրսեցուս՝ Արման Թաթոյանի անձով, նրա փայլուն մարդկային որակներով, համեստությամբ, դավանած ավանդական արժեքներով, բացառիկ գրագիտությամբ, պետության, հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով պայմանավորված։ Ընդ որում, նա օբյեկտիվորեն չունի խմբային, տնտեսական, աշխարհաքաղաքական շահեր, նրա բացարձակ շահը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ է։
Դարձյալ կրկնում եմ, այս ամենը ես ասում եմ ինձ բավարար չափով ճանաչողների համար, ովքեր լավ գիտեն իմ խոսքի արժանահավատությունը, անկեղծությունը, քանի որ ինձ չճանաչողները թերևս իրավունք ունեն յուրովի մեկնաբանել ասածս և բնավ պարտավոր չեն հետևել իմ կարծիք-խորհրդին։
