ԽՍՀՄ ՓԼՈՒԶՈՒՄՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԿՐԿՆԵԼ
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում եւ Ռուսաստանում, այլ անուն չունի, քան պատերազմ, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի Ուկրաինայի անմիջական եւ ՆԱՏՕ-ի ոչ անմիջական մասնակցությամբ։ Մինչ այս պատերազմը աշխարհը հարաբերականորեն խաղաղ ապրում էր՝ 8 եւ ավելի տարիներ շարունակ Ուկրաինային հասկացնելով, որ դադարեցրեք ճնշումը եւ անմարդկային վերաբերմունքը Դոնբասի ու Լուգանսկի մարզերի ռուս եւ ռուսախոս բնակչության նկատմամբ ու փոխեք ձեր որոշումը ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, քանզի այդ քայլով դուք ուզում եք ՆԱՏՕ-ին բերել եւ տեղավորել մեր քթի տակ, որով ուղղակիորեն լուրջ սպառնալիք եք ստեղծում մեզ համար: Ուկրաինան մնաց անդրդվելի ու չփոխեց իր վարքը, որի հետեւանքով լցվեց Ռուսաստանի համբերության բաժակը, եւ նա հարձակվեց Ուկրաինայի վրա՝ փորձելով ուժային ճանապարհով լուծել խնդիրները:
Այդ պատերազմը մեծ թափ է առնում, վերջը չի երեւում, քանզի երկու կողմն էլ հաստատակամ է իր որոշման մեջ, եւ զիջման նշույլներ չեն ցուցաբերում, ու բավականին ռեալ է դառնում նոր համաշխարհային պատերազմի բռնկումը: Պատերազմին զուգահեռ, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Անգլիան եւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ սկսեցին բազմաքայլ սանկցիաներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, չուշացան նաեւ Ռուսաստանի սանկցիաներն այդ երկրների նկատմամբ:
Ամենամեծ դերակատարումն ունեն ԱՄՆ-ն եւ Անգլիան, որոնց գերնպատակը Ռուսաստանին ոչնչացնելն է, քանի որ ԽՍՀՄ-ը փլուզելուց հետո փորձում են նույնն անել նաեւ Ռուսաստանի նկատմամբ՝ ոչնչի առջեւ կանգ չառնելով եւ մոռանալով իրենց «ժողովրդավարության բաստիոնի» կեղծ գաղափարները: «Ժողովրդավարների» համար, պարզվեց, մարդկանց կյանքն ընդհանրապես արժեք չունի, եւ պատրաստ են գնալ ընդհուպ նոր համաշխարհային պատերազմի, որը կարող է խլել հարյուրավոր կյանքեր՝ անգամ իրենց երկրների ժողովրդից: Ամերիկայի ու Անգլիայի համար ժողովրդավարությունն ընդամենը շղարշ է, որի անվան տակ հարյուրավոր տարիներ իրականացնում են մարդակործան քաղաքականություն: Այսօր տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան այն, ինչից մշտապես վախենում էր աշխարհի գիտակից բնակչությունը. ինչ կլինի՝ լինի, հանկարծ չբախվեն ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, քանի որ դրանից աշխարհի կործանման հոտ է գալիս: Այ Ամերիկա, Ռուսաստանի նման գերտերության ներքին գործերի մեջ մտնելն ու ինչ-որ բան թելադրելը հեշտ բան չէ: Մինչ դուք կփորձեք Ռուսաստանը կործանել, շատ ավելի շուտ կկործանվեք դուք։
Ծնկաչոք աղոթենք Տիրոջը, որպեսզի փրկի իրավիճակը եւ վերջ դնի այս աշխարհակործան պատերազմին ու խաղաղություն բերի աշխարհի մարդկությանը։
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
