Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում․ ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում։

Այս մասին նա ասասց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, բոլոր հանդիպումների վերաբերյալ տրվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններ, բովանդակության մասին մշտապես տեղեկացվում է թե վարչապետի, թե ԱԳ նախարարի կողմից»,- նշեց Կոստանյանը։

Նրա խոսքով՝ այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, Հայաստանը կարծում է, որ առնվազն բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու մնացյալ հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։

Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում Հայաստանի այս տարբերակին, պատճառը ՀՀ Սահմանադրությո՞ւնն է՝ ԱԳ փոխնախարարն ընդգծեց՝ Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխությունները մեր ներքին գործընթացներն են։

«Այն մտահոգություններին, որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է, ըստ էության, արդեն իսկ պատասխան հնչել է, սահմանազատման կանոնակարգի հաստատման փուլում ՍԴ-ն տվել է մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- նշեց նա։

Share This