Իսպանական քաղաքը մեղադրվում է զբոսաշրջիկներին «կենդանիների պես» վերաբերվելու մեջ
Զբոսաշրջային խմբերը կփոքրանան նոր օրենքի համաձայն, որը զայրույթ է առաջացրել իսպանական Պալմա քաղաքի զբոսավարների շրջանում, հայտնում է բրիտանական Express-ը։
Զբոսավարներն ասում են, որ նոր կանոնը խելամիտ չէ, և որ տպավորություն է ստեղծվում, որ իրենց հետ վարվում են հանցագործների պես, իսկ զբոսաշրջիկների հետ՝ կենդանիների պես:
Proguies Turístics de Baleares զբոսաշրջության գործակալությունը հայտարարել է, որ Պալմայի քաղաքային խորհրդի ծրագիրը՝ խմբերում զբոսաշրջիկների թիվը սահմանափակել 20 հոգով, հակասում է Բալեարյան կղզիների կանոններին, որոնք թույլ են տալիս խմբում մինչև 70 հոգու առկայությունը:
«Ներկայումս խմբերի միջին չափը 30-ից 50 մարդ է»,- ասել է ընկերության նախագահ Գաբրիել Ռոսալեսը:
Ռոսալեսը նաև մտահոգված է նրանով, թե ինչպես է ոստիկանությունը վերահսկելու զբոսաշրջային խմբում մարդկանց թիվը, քանի որ մարդիկ երբեմն դրան «հընթացս» են միանում։
Մտահոգություն հայտնելով, թե մարդիկ ինչ են անելու նման պայմաններում՝ նա նշել է. «Մենք պատրաստվում ենք նրանց վրա պիտակնե՞ր փակցնել, ինչպես կենդանիների վրա։ Թե՞ մահակներ բաժանել «չարտոնված» զբոսաշրջիկներին քշելու համար»։
Նոր կանոնը նշանակում է, որ զբոսաշրջության ոլորտը փոփոխությունների հետևանքով կարող է դժվարությունների հանդիպել, հայտնում է The Olive Press-ը։ Ընդամենը 19 հոգանոց խմբերի ներգրավումը կդժվարացնի տուրերի վաճառքը, քանի որ այն ֆինանսապես անկայուն կլինի, ավելացրել է Ռոսալեսը:
Բայց սա միակ բանը չէ, որ կարող է ազդել տարածաշրջանի իրավիճակի վրա։ Հայտնի տեսարժան վայրերի այցելուների թիվը կարող է կրճատվել, ինչը նշանակում է, որ նրանք շատ ավելի քիչ եկամուտ կբերեն: Նոր կարգի շրջանակներում զբոսավարներից կպահանջվի նաև անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել:
«Սա խախտում է մեր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը և հակասում է տվյալների պաշտպանության օրենքներին», – ասել է Ռոսալեսը:
