Ինչ տվեց ԵԱՏՄ Երեւանյան գագաթնաժողովը

Նախօրեն չափազանց հագեցած էր ու ինտրիգային։ Հետսովետական տարածքի ուշադրության կենտրոնում Երեւանն էր, որտեղ տեղի էր ունենում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի՝ 5-րդ նիստը, մասնակցությամբ անդամ երկրների ղեկավարների։ Նիստը հետաքրքրական էր ինքնին ներհայաստանյան մակարդակում, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին անգամ Երեւան էր ժամանելով, թեկուզ եւ մի քանի ժամով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իսկ ահա հետաքրքրությունը մեծ էր այն բանի համար, որ հյուրի կարգավիճակով նիստին մասնակցում էին նաեւ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։ Զուտ նիստի առումով, ինտրիգային ոչինչ չկար։ Սովորաբար նման հավաքներում ինտրիգներ չեն լինում։ Որպես կանոն բոլոր դետալները համաձայնեցվում են դեռ ամիսներ առաջ եւ ամեն ինչ ընթանում է հարթ։ Ինտրիգայինը թերեւս օրվա վերջում տարածված լուրն էր, որ Պուտինը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ, Երեւանի ռուսական դեսպանատանը։ Սա յուրատեսակ քաղաքական մեսիջ էր։ Ի դեպ, կայացավ նաեւ Պուտին-Փաշինյան հանդիպումը։ Հայաստանում տեւական ժամանակ խոսվում-քննարկվում էր, որ այդ հանդիպմանը քննարկվելու է Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը։ Քննարկվել է արդյոք այդ հարցը թե ոչ, եւ թե ինչ արդյունքներ են գրանցվել այդ քննարկմանը, կերեւա ապագայում, սակայն հետաքրքրական էր, որ Փաշինյանը լոբբինգ էր անում գազի գնի վճարումներն ազգային արժույթով վճարելու հարցը նիստի ընթացքում, ինչը մի կողմից գուցե եւ ստեղծված իրավիճակում իր համար լուծում է, խաղալ՝ դրամ-դոլար-ռուբլի փոխարժեքային տարբերությունների վրա, մյուս կողմից սիրաշահել Կրեմլին՝ հանդես գալով դե-դոլարիզացիայի դիրքերից։Իհարկե, հասկանալի է, որ դեռ այս ամենին պետք է իր արձագանքը տա նաեւ Միացյալ Նահանգները, ում համար մի փոքր կարող է անհասկանալի լինի՝ իր երկու «ոխերիմ բարեկամներ» Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հյուրընկալումը, առանձին հանդիպման կազմակերպումը եւ այլն։ Ամեն պարագայում, Հայաստանն իր նախագահությունը կարծես թե մինչեւ տարեվերջ ավարտում է ԵԱՏՄ-ում, դրական արդյունքներով, ինչի մասին նաեւ նշել է Ռուսաստանի նախագահը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման՝ արարողակարգային մասում։
