Ինչ հիվանդության մասին կարող է վկայել շոգ եղանակին հոգնածության զգացումը

Շոգ եղանակին հոգնածությունը կարող է լինել ցրված սկլերոզի նշան։ Այս մասին զգուշացրել է Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ընդհանուր ծառայության բժիշկ Ասիֆ Ահմեդը։ Մասնագետի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Բժիշկ Ահմեդը նշել է, որ ցրված սկլերոզով հիվանդները հաճախ բողոքում են գլխացավերից, գլխապտույտից կամ այլ ախտանիշների սրացումից ֆիզիկական ակտիվությունից, սաունա այցելելուց կամ տաք լոգանք ընդունելուց հետո։

Այս վիճակը հայտնի է որպես Ուհտհոֆի ֆենոմեն՝ նյարդային ազդակների հաղորդման վատթարացում դեմիելինացված (վնասված) նյարդային մանրաթելերում ջերմության ազդեցության տակ։ Այս երևույթը կապված է նյարդերի մեկուսացման խանգարումների հետ, որի պատճառով դրանք հատկապես զգայուն են դառնում մարմնի ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ։

Բժշկի խոսքով՝ ցրված սկլերոզով տառապող մարդկանց 60-80%-ը բախվում է սրան։ Նա կոչ է արել յուրաքանչյուրին, ով շոգի ժամանակ նկատում է իր առողջության վատթարացում, դիմել մասնագետի՝ նյարդային համակարգի հետ կապված հնարավոր խնդիրները բացառելու համար։

Դոկտոր Ահմեդը հիշեցրել է, որ ցրված սկլերոզը քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում վնասվում են ուղեղի և ողնուղեղի նյարդային բջիջների թաղանթները: Ուշ փուլերում սա հանգեցնում է լուրջ բարդությունների՝ մկանային թուլության, շնչառության և կուլ տալու հետ կապված  դժվարությունների: Հիվանդությունը նաև պացիենտներին հատկապես խոցելի է դարձնում վարակների նկատմամբ՝ ունակ մահվան հանգեցնելու։

Share This