«Իմ գալու ժամին ամեն ինչ ավարտված էր»․ ի՞նչ է կատարվում Գեղարքունիքի մարզպետարանում
Արդեն հայտնել ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառք տալու և ստանալու դեպքերով ձերբակալել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանին, ինչպես նաև մի քանի դպրոցների տնօրենների։ Թե որ դպրոցների տնօրենների մասին է խոսքը, կհայտնենք ավելի ուշ։
Մինչ այդ Ambion.news-ը կարճ զրույց է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ «Խուզրկությունը տեղի է ունցել վաղ առավոտյան։ Իմ աշխատանքի գալու ժամին արդեն ամեն ինչ ավարտված է եղել»,- նշեց Սարգսյանը։
Նա ասաց, որ միայն Կարեն Զազյանի ձերբակալության մասին տեղեկություն ունի, իսկ թե որ դպրոցների տնօրեններն են ձերբակալվել, չգիտի։ «Հիմա մարզպետարանում ամեն բան կարգին է, բնականոն հունով աշխատում ենք»,- նշեց մարզպետը։
Հարցին, թե ո՞ր ժամանակահատվածի մասին է խոսքը, արդյո՞ք իր մարզպետ եղած ժամանակ է եղել Հակակոռուպցիոնի նշած կաշառ տալն ու վերցնելը, Կարեն Սարգսյանը պատասխանեց, որ որևէ տեղեկություն չունի։ «Գործի մանրամասներին չեմ տիրապետում»,- նշեց նա։
Հարցին, թե արդյո՞ք ինքը Կարեն Զազյանից սպասում է նման քայլ, Կարեն Սարգսյանը պատասխանեց՝ չգիտեմ, չեմ կարող ասել։
