<<Կանադացիները մերժեցին պառակտումն ու բացասականը>>. Թրյուդոն ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո խոստացել է բարելավել կանադացիների կյանքի որակը
Կանադայի լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն խորհրդարանական ընտրություններում լիբերալների հաղթանակից հետո կանադացիներին խոստացել է բարելավել կյանքի որակը և վճռական միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, հաղորդում է տեղական City TV հեռուստաալիքը:
«Կանադացիները մերժեցին պառակտումն ու բացասականը: Նրանք մերժեցին ծախսերի կրճատումն ու կոշտ խնայողությունները և քվեարկեցին առաջադիմական օրակարգի և կլիմայի փոփոխությունների նկատմամբ վճռական գործողությունների օգտին»,- հայտարարել է Թրյուդոն՝ ելույթ ունենալով Մոնրեալում իր կուսակցության հաղթանակից հետո:
«Մենք ավելի կբարելավենք կյանքի որակը, կպայքարենք կլիմայական փոփոխությունների դեմ, զենքերը կվերացնենք մեր փողոցներից»,- հավելել է նա:
Թրյուդոն նաև շնորհակալություն է հայտնել Լիբերալ կուսակցության իր թիմակիցներին, կամավորներին և այլ կուսակցությունների առաջնորդներին և նրանց ընտանիքներին:
Լիբերալների գլխավոր մրցակից Պահպանողական կուսակցության առաջնորդ Էնդրյու Շիրը հայտարարել է, որ խոսել է Թրյուդոյի հետ և շնորհավորել է նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Բոլոր 338 ընտրատարածքներից ձայների նախնական հաշվարկից հետո Թրյուդոյի կուսակցությունն առաջատար է 158 ընտրատարածքում: Պահպանողականներն առաջատար են 119 ընտրատարածքում: Լիբերալներին, սակայն, չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ապահովել խորհրդարանում:
