Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճը հայտարարվածից գրեթե 40%-ով մեծ կլինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Սպիտակ տանը կառուցվող նոր պարահանդեսային դահլիճն ավելի մեծ կլինի, քան նախապես նկարագրվում էր, և կտեղավորի շուրջ 900 մարդու։

NBC News-ին տված հեռախոսային հակիրճ հարցազրույցում ԱՄՆ նախագահն ասել է. «Մենք այն մի փոքր ավելի մեծ ենք դարձնում։ Սա կլինի աշխարհի լավագույն դահլիճը»։

Սպիտակ տան հուլիսյան հայտարարության մեջ ասվում էր, որ պարահանդեսային դահլիճը կտեղավորի մինչև 650 մարդ, այսինքն՝ նախատեսված տարողությունը գրեթե 40%-ով աճել է։

Թրամփը հայտարարել է, որ պարահանդեսային դահլիճը պահանջված կլինի գերբնակեցված Սպիտակ տանը՝ ազատելով արտասահմանյան առաջնորդներին և այլ բարձրաստիճան անձանց Հարավային մարգագետնում տեղադրված վրաններում ընթրիքների և ընդունելությունների մեկնելու անհրաժեշտությունից։ Սպիտակ տունը նախագծի արժեքը գնահատել է 200 միլիոն դոլար։

Թրամփը հարցազրույցում կրկնել է, որ անձամբ կօգնի վճարել կցակառույցի համար։ Ակնկալվում է, որ մասնավոր հովանավորները՝ «հայրենասերները», ինչպես նրանց անվանում են Սպիտակ տանը, նույնպես կներդնեն իրենց ավանդը։

Աշխատանքներն արդեն սկսվել են, ինչպես նշել է Թրամփը լրագրողներին՝ ուրբաթ օրը Հարավային մարգագետնում հավաքվածներին։

Պարահանդեսային դահլիճը Սպիտակ տան արտաքին տեսքի ամենամեծ փոփոխությունն է այն բանից հետո, երբ Ֆրանկլին Ռուզվելտի օրոք՝ 1942 թվականին, ընդլայնվեց Արևելյան թևը։ Այն կզբաղեցնի Արևելյան թևի տարածքը, որն ավանդաբար ծառայում էր որպես գրասենյակային տարածք առաջին տիկնոջ և նրա անձնակազմի համար։

Թրամփը ծանր շաբաթ է ունեցել, որի ընթացքում սպանության հետևանքով կորցրել է իր ընկերոջը և քաղաքական դաշնակցին՝ Չարլի Կիրկին։ Երեքշաբթի օրը նա պետք է մեկնի Անգլիա, որտեղ ինքը և առաջին տիկին Մելանյա Թրամփը կլինեն թագավոր Չարլզի և թագուհի Քամիլայի կողմից Վինձորի ամրոցում կազմակերպված պետական բանկետի հյուրերը։

Թրամփը կդառնա առաջին ամերիկյան նախագահը, ով հրավիրվել է երկու պետական այց կատարելու։ Նրա առաջին այցը տեղի է ունեցել 2019 թվականին՝ թագուհի Եղիսաբեթի հրավերով, որը մահացավ երեք տարի անց։

«Ես անհամբեր սպասում եմ Չարլզի և Քամիլայի հետ հանդիպելու հնարավորությանը, – ասել է Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում։ – Դա անհավանական կլինի։ Սա մեծ պատիվ է»։

Share This