Երիդասարդ տաղանդավոր տղան ուզում է տարկետում բանակից․ դիմել է Փաշինյանին
Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի բնակիչ 17-ամյա Տիրան Հովհաննիսյանը Չինաստանի Շաանսիի մանկավարժական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է։ Չինաստան մեկնել է 15 տարեկան հասակում։ Նա իրեն համարում է չափազանց տաղանդավոր։ Եվ ահա, երիտասարդ Տիրանը հանդես է եկել բաց նամակով, խնդրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որպեսզի իրեն տրամադրվի բանակից տարկետման իրավունք, որպեսզի կարողանա ավելի զարգացնել իր տաղանդը եւ հետագայում վերադառնալով հայրենիք, նպաստի Հայաստանի զարգացմանը։ «Ամբիոնի» հետ զրույցում նա ասաց, որ նույնաբովանդակ նամակներ է գրել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։ Վճռական է տրամադրված եւ վստահ է ունեցած գիտելիքների վրա, եւ գիտի, որ ապագայում օգտակար է լինելու հայրենիքին։ Թե ինչ կարձագանքի վարչապետը, դեռ հայտնի չէ, սակայն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը արդեն հասցրել է ասել հանդիպման ժամանակ, որ հպարտանում է Տիրանով։

