Երեւանի աղբահանությունը ձախողած վարչության պետն ստացել է 840 հազար դրամ պարգեւավճար

Մինչ Երեւանը թաղված է աղբի մեջ իսկ Հայաստանն էլ ամենաշատ աղբ ունեցող երկրների ցանկում առաջին տասնյակում է ՝ 6-րդ հորիզոնականում, Երեւանի քաղաքապետարանը հերթական «հերոսական» քայլով թվով 117 աշխատակիցների պարգեւտրելու է ոչ պակաս քան 56,319,500 դրամով։ Ընդ որում, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, նրանք պարգեւավճարներ ստանում են ամեն եռամսյակը մեկ՝ իրենց ստացած աշխատավարձերից կրկնակիից ավելի չափով։ Հայկ Մարությանն իհարկե համեստություն է արել ու ինքն իրեն չի պարգեւատրել, սակայն նրա բոլոր չորս տեղակալները, գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը ստացել են ամենաբարձր պարգևավճարը՝ յուրաքանչյուրը 965 հազարական դրամ։ Ամենացածր պարգևավճարը ստացել են օգնականներն ու գործավարները՝ 200 հազար դրամից մի քիչ ավելի։ Արձանագրենք, որ երանելի դրախտային կյանքը Հայաստանում՝ իշխանական տաշտակին մոտ գտնվողների համար, կարելի է համարել կայացած։ Այս ամենի ֆոնին, չափազանց ուշագրավ է եղել մայրքաղաքի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանի պարգեւատրումը։ Ըստ երեւույթին Երեւանի աղբահանության գործը փայլուն կերպով ձախողելու համար նա ստացել է , 840 հազար դրամ պարգևավճար։ Նույնքան պարգեւավճարներ էլ ստացել են վարչական շրջանների ղեկավարները, սակայն թե ինչի համար, որ կատարած լավ աշխատանքի համար, երեւի միայն Աստծուն է հայտնի։ Սա սարսափելի իրականություն է, որը կարող է բերել չափազանց լուրջ հետեւանքների։ Հանրապետականներն էլ նույն մեթոդով էին գործում ժամանակին ավելի քաղաքակիրթ փաթեթավորմամբ, սակայն ամեն դեպքում պարզ է, որ սկսած Փաշինյանից ու Մարությանից բոլորը լան են յուրացրել «թքած ունենալու նուրբ արվեստը»։
