Երբ մատիցդ «փուշ հանող է լինում»․․․․

Շուրջ երկու ամիս է՝ ադրբեջանական կեղծ բնապահպանները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ 120 հազար արցախահայերի թողնելով շրջափակման մեջ։ Արցախցու համար փակ է՝ այսպես կոչված «Կյանքի ճանապարը», եւ նրա հայացքն այսօր միայն ու միայն ուղղված է Մայր Հայաստանին, որտեղից միակ փրկության հույսն է ակնկալում։ Որքանով է Մայր հայրենիքն արդարացնում իրեն՝ դա հարցի այլ կողմն է , իսկ գլխավորն, ըստ իս, յուրաքանչյուրիս պարտքի, մեղքի ու խղճի զգացողությունն է, որով պետք է առաջնորդվենք այս պահին։
Տատս հաճախ էր հին իլիկը պտտելիս քթի տակ կրկնում․ « Եթե մեկի մատը տանը փուշ մտնի, մյուսը հանդում կզգա, կգա գյուղ» ։ Հիմա Արցախն է, բազմաթիվ փշերով պատված, փնտրում է գոնե մեկ փուշ հանողի․․․․
Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ մի նախաձեռնությամբ․ այս օրերին Արցախում ծնված 215 երեխայի Ծառուկյանն իր ընտանիքի կողմից օրհնված խորհրդանշական ոսկե խաչեր նվիրեց, իսկ նրանց ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն է տրամադրելու։ Սրան հաջորդեց բարերարի մյուս հայտարարությունը․ դրանից զատ՝ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ։ « Շրջափակման մեջ գտնվող Արցախն իսկական հերոսության ու արժանապատվության օրինակ է ամբողջ աշխարհի համար: Արցախի մեր քույրերին ու եղբայրներին այս ծանրագույն օրերին բարոյական աջակցությունից զատ նաև նյութական աջակցություն է հարկավոր ցուցաբերել:Ուստի որպես հումանիտար օգնություն Արցախ են ուղևորվելու նաև 10 մեքենա պարենամթերք և 1 մեքենա դեղորայք»: Եւ պատահական չէ, որ Արցախի նախագահն այս իրավիճակում շտապել է շնորհակալություն հայտնել՝ ընդգծելով, որ նման հայրենանվեր ձեռնարկումները, հատկապես այս ծանր ու դժվարին օրերին, անսահման ուժ են հաղորդում արցախցիներին և օգնում արժանապատվորեն ու տոկունությամբ դիմակայել բոլոր մարտահրավերները:
Որքան էլ փորձենք ենթատեքստ փնտրել կամ այլ բովանդակությամբ ներկայացնել ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությունը, միևնույն է՝ ակնառու է՝ սա հումանիստական այնպիսի մի քայլ է, որտեղ մարդասիրությունն ու անձի մեծահոգությունն առաջին պլանում է: Մարդը ձեռք է մեկնում ճիշտ պահին, փորձում է փշերից գոնե մեկը հանել․․․․․: Պատկերացնում եք այն հարյուրավոր ընտանիքների թեկուզ այսրոպեական ուրախությունը, որոնց ընտանիքներում լույս աշխարհ եկած փոքրիկներն արժանացան թող համեստորեն հնչի՝ մի փոքր ուշադրության, օրհնված են նրանք․․․․
Այս անասելի դժվարին իրավիճակում մաքառող արցախցուն անգամ մեկ մեքենա դեղորայքն ու մի քանի բեռ պարենամթերքն է փրկություն․․․․, սա այն դեպքն է, երբ մատիցդ գոնե մեկ փուշ հանող է լինում ․․․․, եւ իհարկե՝ եթե բոլորը․․․․․
ambion.news-ի գլխավոր խմբագիր՝ Հասմիկ Վիրաբյան
