Եվրամիությունն այս երկրում կներդնի 1,6 միլիարդ եվրո

Եվրամիությունը հայտարարել է, որ Մոլդովայում կներդնի 1,6 միլիարդ եվրո՝ ներդրումային նոր փաթեթի շրջանակներում, ինչպես նաեւ զգալիորեն կընդլայնի իր ներկայացուցչությունը Քիշնեւում, որպեսզի օգնի այդ երկրին վարչական ապարատի կադրային բացի լրացման հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Վերջինս նաեւ ասել է, որ Եվրամիության եւ Մոլդովայի միջեւ ստորագրվելու է համաձայնագրի ռոումինգի էժանացման վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի նախագահը նկատել է, որ Եվրամիությունը շարունակելու է աշխատել, որպեսզի բարձրացնի Մոլդովայի էներգետիկ անվտանգության մակարգակը։ Դրան հասնելու համար կկառուցվեն երկու բարձրվոլտային էլեկտրամատակարարման հոսանքագծեր, որով Մոլդովան էլեկտրականություն կստանա Ռումինիայից։ Բացի այդ, Բրյուսելը հորդորել է Մոլդովային շարունակել գազ գնել եվրոպական գազի գնման ընդհանուր մեխանիզմից օգտվելով։ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Մոլդովան կստանա 40 միլիոն եվրո՝ իր պաշտպանունակությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար։ Նշենք, որ այս հիմնադրամի միջոցով է Եվրամիությունը Ուկրաինային իր ռազմական հիմնական հատկացումները կատարում։

Share This