Եթե ներկայացրել են համախմբման օրակարգ, պետք է ներկայացնեն նաև համախմբման քայլերի քարտեզ


Ամբիոն նյուզ-ի հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը.

– Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը քաղաքակա՞ն ռեպրեսիա է, եթե այո, ապա ի՞նչ խնդիր է դրանով փորձում լուծել իշխանությունը։

– Նիկոլ Փաշինյանը դեռ քարոզարշավի ընթացքում, ՍԴ-ի վերջին որոշումից  և ԿԸՀ-ի թվերը հրապարակելուց հետո էլ շարունակեց հայտարարել, որ ինքը ունեզրկելու է իր ձևակերպմամբ` <<եռագլուխ պատերազմի>> կուսակցության լիդերներին, և ի տարբերություն մեր ընդդիմության և բազմաթիվ գործիչների, Նիկոլը իր հայտարարություններում հետևողական է, ինքը գնում է իր ցանկացած հայտարարությունների ետևից  հատկապես, եթե դա վերաբերում է ճնշելուն, ունեզրկելուն, և քաղաքական ռեպրեսիաներին։ Ես ծանոթ չեմ Գագիկ Ծառուկյանի քրեական գործին, բայց դատելով իր փաստաբանների հայտարարություններից այդ գործը որևէ կրիմինալ իր մեջ չի պարունակում, բայց եթե անգամ կա ֆինանսական չարաշահում, նույնիսկ այդ դեպքում, բացարձակ անընդունելի  է այդ կերպ մարդուն բերման ենթարկելը,  ով անգամ չէր ընդդիմանում այլ հակառակը  պատրաստ էր իրեն ձեռբակալողների հետ հանգիստ դուրս գալ։ Չի’ կարելի այդպես գետնին տապակելով, նվաստացնելով, ընտանիքի անդամների առջև բերման ենթարկել,որտեղ կա տարեց մայր,կին և թոռնիկներ։ Ես այն գործիչն եմ, որ մշտապես ասել եմ ես կողմ եմ, որ մեր երկրում լինի արդարադատություն, ես կողմ եմ, որ օրենքը լինի գերակա, բայց ես կատեգորիկ մերժում եմ մարդու անձը նվաստացնելը, ես մերժում եմ քաղաքական վրեժխնդրությունը, քանի որ դա վատ տեղ տանող ճանապարհ է, եթե երկիրը գնա այդ ճանապարհով, ապա այն չի կարող դուր գալ վենդետաների, հաշվեհարդարների ճիրաններից։– Ինչու՞ երկու տարի անց ՔԿ-ն հանկարծ հիշեց Ծառուկյանի մեկ այլ քրեական վարույթի նոր զարգացումների մասին։ Խոսքը վայրի կենդանիներ, թռչուններ որսալու մասին է, այն պարագայում, երբ այդ թեման երկու տարի է արդեն մոռացության է մատնվել։

– Բոլորն էլ գիտեն, որ կենդանիների խնդիրը  ինձ համար շատ զգայուն թեմա է , որովհետև ես եմ եղել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագծի հեղինակը,և այն կերպ,ինչպես քնեցրեցին առյուծին ու վագրին, որոնցից մեկը կենդանաբանական այգում չարթնացավ և անկեց դա բացարձակապես անթույլատրելի էր, որովհետև այդ չափսի կենդանուն քնեցնելուց առաջ պետք է ուսումնասիրվեր նրա բոլոր հիվանդությունները, իսկ ես որքանով որ տեղյակ եմ, այդ կենդանիները մշտապես եղել են բժշկական հսկողության տակ։ Չպահպանելով որևէ ընթացակարգ, կենդանիներին էդպես քնեցրել են հասկանալի չէ,թե ինչ չափաքանակով, և պարզ է, որ արդյունքը պետք է սա լիներ։ Տեղեկություն կա, որ Ծառուկյանի կապարակնքված մասնավոր գազանանոցի կենդանիներին ևս վտանգ է սպառնում, այնտեղ այնպիսի կենդանիներ կան, որոնք ամենօրյա խնամքի, սննդի կարիք ունեն, և ես չեմ լսում կենդանիների իրավունքներով զբաղվողների ձայնը, չեմ լսում, որ ասեն` կենդանիներին ուղղակիորեն սատկացնում են, որովհետև չեն թողնում, որ ընտանիքի անդամները կենդանիներին կերակրեն։ Ես շատ երկար եմ զբաղվել կենդանիների պաշտպանության խնդրով, և ես շատ լավ տեղյակ եմ, որ մեր կենդանաբանական այգում բոլոր ժամանակներում շատ վատ պայմաններ են եղել, այսինքն  այդ կենդանիների համար, որոնք շատ ավելի բարձր կարգի սննդի, պահպանության են սովոր, ուղղակի չեմ դիմանա այդ միջավայրում։– Վերջում խոսենք հետընտրական գործընթացներից, մասնավորապես` ՍԴ-ի կողմից կայացրած որոշումից, ըստ որի,ԲՀԿ-ն չանցավ խորհրդարան։ Ի՞նչ եք կարծում, այս հարցում ՍԴ-ի վրա կա՞ր որևէ ճնշում

– Ինչ վերաբերում է ՍԴ-ի որոշմանը, ապա ես ապշած եմ մեր ընդդիմության ռոմանտիզմի վրա, որ մտածում էին, թե հնարավոր է ԿԸՀ-ն, կամ ՍԴ-ն որևէ այլ վճիռ հրապարակեր։ Նրանք հրապարակել են այն, ինչը որոշել է Նիկոլ Փաշինյանը, բայց եկեք անկեղծ լինենք, այնպես չէ, որ մեր ընդդիմությունը մեծ հույսեր էր կապում ՍԴ-ի հետ, այլապես դեռ ՍԴ վճիռը չհրապարակած, իրենք մանդատների տեղաբաշխումով չէին զբաղվի։ Ես իհարկե հիմա չեմ ցանկանում խոսել ընդդիմության սխալների մասին, որոնք բազմաթիվ էին, և’ քարոզարշավի ընթացքում, և’ հետընտրական պրոցեսում։ Հիմա փորձենք հասկանալ, թե հետընտրական այս գործընթացում մանդատները վերցնելուց հետո ինչ է անելու ընդդիմությունը և ինչպիսի ճանապարհային քարտեզ է կազմելու։ Եթե անկեղծ, այս փուլում ես այդքան էլ լավատես չեմ, որ իրենց մոտ ինչ-որ բան կհաջողվի, բայց ամեն դեպքում, եթե ներկայացրել են համախմբման օրակարգ, պետք է ներկայացնեն նաև համախմբման քայլերի քարտեզ։

Ա.Հարությունյան

Share This