Եթե ձեր բոլորի ներշնչանքի աղբյուրը ձեր լիդերն է, ուրեմն էլ ինչ ժողովրդավարություն

Գուցե մեր երկրի աշխարհագրական կամ ժողովրդագրական համեստ ծավալները թյուրիմացության մեջ են գցել օտարներին, բայց դա չպիտի սխալ տպավորության տակ պահի նաև մեզ, կամ մեր նոր սերնդի ներկայացուցիչներին` երիտասարդ իշխանավորներին: Ձեր ամենօրյա խոսքերից ու մանավանդ վիճաբանություններից այնպիսի տպավորություն է ստացվում, որ կարծեք թե մի երկրի 3 միլիոնանոց մի պատահական հավաքականության կառավարումը՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ ընկել է ձեր ձեռքը: Եւ ամենևին չի զգացվում, որ դուք պատասխանատու եք մի մեծ ժողովրդի առաջ: Չեք էլ մտահոգվում, որ ձեր ամեն մի խոսքն ու արարքը գրանցվում և պատմությանն է հանձնվում:
Մի անգամ առիթ ընծայվեց ունկնդրել՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին: Նա, որ ըստ երևույթին պատմական գիտությամբ զբաղվող մի բանիմաց անհատականություն էր, այնպիսի խոր ակնածանքով էր խոսում հայ ժողովրդի մասին, որ ակամայից՝ վերարժևորելու զգացում էր ստեղծում: Նա համեստորեն համեմատություն էր անցկացնում Հայաստանի՝ որպես 3 միլիոնանոց մի երկրի և նույնքան բնակչությամբ Թեհրանի արվարձաններից մեկի միջև: Իրանի խորհրդարանում, հայերից բացի, ներկայացուցչական կարգով ներկա են նաև մյուս կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Թեև մենք նրանց անվանում ենք ազգային փոքրամասնություն, բայց Իրանում այդ տերմինը երբեք չի օգտագործվում: Իրանահայությունը ներկայացված է 2 պատգամավորով: Մյուսները՝ թվով չորսը, մեկական պատգամավոր ունեն: Այսպիսով, հայերը գերակա դիրք ունեն մյուսների նկատմամբ: Թվային համեմատությամբ, երբեք հայության թիվն Իրանում այնքան չի եղել, որ նրանց տրվեր երկրորդ պատգամավորն ունենալու իրավունք, սակայն Իրանի՝ թե նախորդ և թե ներկա իշխանությունները, մի շարք նկատառումներից ելնելով, կայացրել են քաղաքական որոշում: Այդ որոշման պատճառներից մեկը, հայության՝ աշխարհի ավելի քան 50 երկրում կազմակերպված համայնքներ ունենալու փաստն է: Տարբեր քաղաքական, հասարակական կամ կրոնական իրադարձությունների ժամանակ, Իրանը կարևորում է իր երկրի կրոնական փոքրամասնությունների միասնական դիրքորոշումը՝ տվյալ իրադարձության վերաբերյալ: Առ այդ, 2 հայ պատգամավորների գերակա դիրքն ապահովում է հայկականության դիրքորոշման առկայությունը՝ հայտարարության մեջ: Հետաքրքիրն այն է, որ Իրանի հասարակությունը կարծում է, որ իրանահայությունը դեռ ավելի մեծ թվով պատգամավորներ ունենալու իրավունք պետք է ունենա:
Անցյալ ամռանը, Խորվաթիա ճամփորդության ժամանակ, մի խորվաթ դիպուկ պատմություն պատմեց․ Ասում են, թե մի չինացի հանդիպում է մի հայի և հետաքրքրվում հայության թվաքանակով: Հայն ասում է՝ 3 միլիոն բնակչություն կա Հայաստանում, մի 7 միլիոն էլ՝ արտերկրում: Չինացին կտրուկ մերժում է ընդունել այդ թվերը և ասում. «Ո՞նց կարելի է՝ ես ուր գնացել եմ հայի եմ հանդիպել…»: Ապա հայն է չինացուն հարց տալիս: Նա պատասխանում է, որ մեկուկես միլիարդից ավելի են: Այս անգամ հայն է զարմանում. «Ո՞նց թե, հապա ու՞ր եք. ամբողջ կյանքիս ընթացքում, դու առաջին չինացին ես որ հանդիպել եմ…»:
Ամբողջ աշխարհում մեր չափերի մի քանի տասնյակ երկրներ կան: Մեր պարագայում դուք գործ ունեք մի մեծ ժողովրդի հետ: Մեծ՝ իր պատմական անցյալով, իր հաղթահարած դժվարություններով, ապրելու և գոյատևելու անկոտրում կամքով, աշխարհընկալմամբ ու մշակույթով: Դուք ձեր այդ չնչին գիտությամբ ու զրոյական փորձով, հիանալի ձևով կարող էիք մատնանշածս երկների հեղափոխական կոմիտեների անդամ դառնալ, բայց ո´չ Հայաստանի նման երկրի իշխանություն: Ձեր ամեն մի խոսքն ու քայլը արձագանքվում է ամբողջ աշխարհով մեկ: Ձեզ հետևում են աշխարհի ամենամեծ քաղաքներում ապրող և իրենց կյանքի իմաստը մեր երկրի ու ժողովրդի գոյությամբ պայմանավորող բարձրաշխարհիկ հայեր, տասնամյակներից ի վեր հայկականությամբ ապրած մտավորականներ, աշխարհի հսկա երկրներում որոշումներ կայացնողների կողքին կանգնած հայորդիներ, քաղաքական, հասարակական, մշակութային, գիտական և այլևայլ բնագավառներում՝ աշխարհի հիացմունքը իրենց վրա սևեռող դեմքեր… Երբ հայոց խորհրդարանում իրար հետ լեզվակռիվ եք տալիս, նրանք ձեր ամեն մի արտահայտությանը հետևում են… Հերիք եղավ, որ ձեր հասցեատերը համարեք միայն ձեր «աջակիցներին»: Նրանց շարքերում էլ արդեն սկսվել է տարանջատում: Չլինի այնպես, որ վերջում մնաք դուք և այդ աջակիցների «ավելի աջակից» հատվածը:
Շաբաթը մի քանի անգամ փնտրում եք մի միջազգային կազմակերպություն, որն ինչ որ բնագավառում Հայաստանի վարկանիշը գնահատել է ավելի բարձր՝ քան նախկինում էր: Եթե շատ եք ցանկանում այդ «պատվոգրերից» շարեք ձեր կաբինետում՝ փորձեք Արցախի հարցը լուծել Ադրբեջանի ցանկությամբ: Այդ դեպքում այնքան վարկանիշ ձեռք կբերեք, որ այլևս Հայաստանը կարող է մրցել, ոչ թե տարածաշրջանի երկրների հետ, այլև ձեռնոց նետել՝ Շվեդիային կամ Դանիային… Կարծում եք Թուրքիան կամ Ադրբեջանը պիտի տխրե՞ն, երբ իմանան, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում կամ ժողովրդավարական տեսակետից իրենցից առաջ է անցել: Նրանք իրենց գործն են անում՝ հօգուտ իրենց ժողովրդի տնտեսական և քաղաքական գերագույն շահերի՝ թքած ունենալով բոլոր տեսակի կազմակերպությունների հայտարարած սանդղակների վրա:
Այդ վարկանիշային աղյուսակները հիմնականում ծառայում են մեր նման երկրների նորաթուխ իշխանավորների դիրքերը՝ իրենց սեփական ժողովրդի նկատմամբ ամրապնդելու համար: Ոչ ոք, ոչ մի դեպքում ատամնաբուժական կլինիկայի պատին շարված այդպիսի «միջազգային հեղինակավոր առողջապահական կազմակերպությունների» կողմից տրված պատվոգրերին նայելով չէ, որ որոշում է իր կյանքն ու առողջությունը նրանց հանձնել:
Ուշքներդ ձեզ պահեք: Արդեն 2 տարի անցավ: Հայ ժողովուրդը սպասում է ձեր՝ գոնե, որպես իշխանավոր կայանալուն, իշխանավորին վայել կեցվածք ու հեղինակություն հավաքելուն, խոսքի ու արտահայտության մակարդակ ձեռք բերելուն։ Դուք ոչ թե այս կամ այն թիմի լիդերն եք, այլ համայն հայության իշխանությունը: Շրջահայաց մոտեցումներով ցույց տվեք, որ այդպիսին եք, կամ այդտեղ հասնելու միտում ունեք: Մինչև երբ եք ուզում նախագահի գիտական բարձր աստիճանի ու շփման բարձր մակարդակի հետ կոնտրաստի վիճակում մնալ: Այդ ինչ ցածրորակ ու տղայական բանավեճեր եք վարում հայոց խորհրդարանում: Այդ ինչ մանկական կռիվներ ու քաշքշուք է Երևանի ավագանու նիստերում: Ախր դրա անունը «Ավագանի» է չէ՞: Ձեր այդ ո՞ր արտահայտությունը կարելի է ավագ մարդու արտահայտություն համարել:
Եթե ձեր բոլորի ներշնչանքի աղբյուրը ձեր լիդերն է, ուրեմն էլ ինչ ժողովրդավարություն… Փակեք բոլոր տեսակի ժողովրդական կամ հասարակական ինստիտուտները՝ դրանք անցյալ իշխանավորների ձեռքով ստեղծված լինելու պատրվակով: Հեռացրեք նրանց պատասխանատուներին: Նրանց էլ՝ որ չեք կարողանում հեռացնել պաշտոնից, ստիպեք, որ վաղաժամ կենսաթոշակի անցնեն: Ձևավորեք միահեծան իշխանություն՝ ձեր սուպերլիդերի գլխավորությամբ: Վստահ եղեք, որ ձեր աջակիցները բուռն ծափահարություններով կողջունեն ձեր այդ քայլը: Այդ աջակիցները միայն հրճվում են՝ տեսնելով, որ նախորդ իշխանավորներից ևս մեկ հոգի հեռացվեց կամ ձերբակալվեց: Նրանց լցրել եք քրիստոնյա մարդուն ոչ վայել քինախնդրության ախտով՝ ով անցյալից է, ուրեմն հանցավոր է: Առանց անդրադառնալու, որ բոլորս ենք անցյալից, ինչպես նաև դուք: Որևէ մեկին կալանավորելուց կամ մեղադրանք առաջադրելուց հետո, անմիջապես սկսում եք պարզունակ պնդումներով հայտարարել, որ այդ հետապնդումն ամենևին քաղաքական չէ: Այստեղ ճիշտ եք… Դրանք, գլխավորաբար, ձեր աջակիցների հիվանդագին ցանկություններին հագուրդ տալու և ձեր փայփայած սանդղակում՝ ևս մեկ աստիճանով բարձ վարկանիշ գրանցելու համար են:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )