Դժբախտաբար, այս պահի դրությամբ դեռ բան չունեմ ասելու
Քիչ առաջ փակ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների միջև։
«Սրանք պարբերական բնույթ կրող հանդիպումներ են։ Այս անգամ նմանատիպ քննարկման ինձ հրավիրեց «Իմ քայլը» և ես ուրախությամբ ընդունեցի առաջարկը։ Քննարկման թեմաները բավական լայն են, բայց դրանք բոլորը վերաբերվում են մեկ բանի՝ Հայաստանի ազգային անվտանգության հարցերին արտաքին ոլորտի մասով։ Ես բարձր եմ գնահատում նման հանդիպումները, քանի որ պարլամենտական հարթակը եղել է շատ կարևոր մեզ համար, պարլամենտական դիվանագիտությունը շատ կարևոր, ակտիվ ուղղություն է։ Այստեղ մեր համագործակցությունն ու շփումները շատ կարևոր նշանակություն ունեն»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մնացականյանը։
Նախարարն անդրադարձավ նաև ԱՄՆ-Իրան հարաբերություններին. «Մենք արդեն արտահայտվել ենք այդ հարցով և ԱԳՆ-ն մշտապես տեղեկացնում է հասարակությանը։ Բնականաբար մեզ հարևան տարածաշրջանում կայունության խափանումը անհանգստացնում է։ Այս առումով մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ։ Մենք հույս ունենք, որ միայն խաղաղ և բանակցային ճանապարհով հնարավորություն կլինի կայունացնել իրավիճակը։
Հարցին, թե առաջիկայում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպում նախատեսված է,թե ոչ, Մնացականյանը պատասխանեց. «Կխնդրեմ հարգենք այն մոտեցումը, որ միաժամանակ ենք հայտարարում հանդիպումների մասին, բայց մենք չենք խուսափում հանդիպումից։ Բնականոն բանակցային գործընթացը անհրաժեշտ է շարունակել, անհրաժեշտ է միշտ ներգրավված լինել դրա մեջ։ Այս կոնտեքստում նշեմ, որ այն ժամանակ , երբ կհամաձայնեցնենք, այդ ժամանակ հանդիպման մասին կհայտարարենք»։
Անդրադառնալով գերիների փոխանակման հարցին, ԱԳ նախարարը նշեց, որ այս հարցը իր համար չափազանց զգայուն է։
«Դժբախտաբար այս պահի դրությամբ դեռ բան չունեմ ասելու»,- ասաց նա։
