Գյումրու քաղաքապետարանը՝ «Պարապների վարչությո՞ւն». 2 փողոցի բաց դիտահորերն արդեն «քաղաքային տեսարժան վայրեր» են

Գուցե ժամանակն է վերանվանել Գյումրու քաղաքապետարանը և անվանել «Պարապների վարչություն», որպեսզի քաղաքացիներն այլևս ոչինչ չպահանջեն ու չխանգարեն քաղաքի «հանգիստ աշխատանքին»։

Խոսքը ընդամենը երկու փողոցի մասին է։ Երկու փողոց, որտեղ բաց ու ավիրված դիտահորերը շարունակում են մնալ իրենց տեղում՝ սպասելով, թե ով առաջինը կընկնի դրանց մեջ։

Բայց, իհարկե, ամեն ինչ չէ, որ կարելի է այդքան հեշտ լուծել։ Օրինակ՝ քաղաքացու բարձրացրած խնդիրը տեսնելը, արձագանքելը և լուծելը, երևի, ավելի բարդ է, քան քաղաքապետարանի պաշտոնական էջում խնդրահարույց քաղաքացիներին արգելափակելը։

Քաղաքացիները խնդիր են բարձրաձայնում, քաղաքապետարանը՝ բլոկում։

Այսինքն՝ եթե խնդիրը չտեսնես, կարելի է ենթադրել, որ այն գոյություն չունի։

Հետաքրքիր կառավարման մոդել է․

փոսը թողնում ենք, դիտահորը բաց ենք թողնում, քաղաքացուն՝ բլոկում։

Իսկ հետո կարելի է պաշտոնական էջում հերթական գեղեցիկ լուսանկարը հրապարակել և գրել՝

«Գյումրին զարգանում է»։

Միայն թե այս անգամ լավ կլինի, որ զարգացումը չլինի հերթական դիտահորի ուղղությամբ։

Share This