Գյումրիում վերսկսվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը

Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և գործընկերներիս հետ այցելել ենք Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինհրապարակ։

 

🏗Երկար դադարից հետո մարզահամալիրի շինարարական աշխատանքները վերսկսվել են և արդեն նոր թափ են ստացել։ Նախագիծը վերանայվել է՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով, իսկ շինարարությունն իրականացնում է նոր կազմակերպություն։

 

Առաջիկա երկու տարիների ընթացքում Գյումրին կունենա բազմաֆունկցիոնալ մարզահամալիր, որտեղ նախատեսված են ըմբշամարտի, ծանրամարտի, մարմնամարզության դահլիճներ, ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված և մարզիկների համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։

 

🔻Այս նախագիծն աննախադեպ հնարավորություն է Գյումրու համար՝ թե՛ մարզական, թե՛ տնտեսական, և թե՛ զբոսաշրջային տեսանկյունից։ Համոզված եմ՝ այս համալիրն էական խթան կհանդիսանա նաև Անի և Մուշ թաղամասերի զարգացման ու աշխուժացման համար։ Մեր նպատակը միայն մարզական կենտրոն կառուցելը չէ, այլ մարզի զարգացման նոր միջավայր ձևավորելը։

Վստահ եմ՝ այս համալիրի շահագործումից հետո Գյումրին կդառնա միջազգային մարզական միջոցառումների կարևոր կենտրոններից մեկը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր երիտասարդների, մարզիկների և մեր երկրի համար։

Share This