ԳՅՈՒՄՐԵՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԻ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՁԱՆԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ
Գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը եւ որդին՝ Հովհաննես Պապոյանը՝ որպես համահեղինակներ, հայտ են ներկայացրել՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է մրցույթ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար. «Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին» , – հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
«Հրապարակ»-ի հետ զրույցում քանդակագործի որդին՝ Հովհաննես Պապոյանը նշեց, որ իրենց նախագիծը մյուսներից հաստատապես տարբերվելու է․
«Բնական է, որքան մարդ՝ այդքան ճաշակ: Բայց իմ եւ հորս սկզբունքներում միշտ եղել է այն, որ յուրաքանչյուր գործ յուրովի տարբերվելու է, եթե ինչ-որ բանի կրկնօրինակ պետք է լինի, միտք չունի անել, եւ դա մեր հեղինակությանն էլ հարիր չէ: Այս գործի դժվարությունը միայն մասնագետն է պատկերացնում, եւ որպես Հիսուսի արձան, եւ մեծությամբ՝ սա մի յուրահատուկ նախագիծ է: Նշվում է, որ արձանի բարձրությունը 33 մետր պետք է լինի, բայց թե
պատվանդանը որքան կլինի, դա դեռ պարզ չէ»:
– Տեղի հարցում պատկերացում ունե՞ք․ Հայաստանի ո՞ր տարածքում է կանգնեցվելու Փրկչի արձանը:
– Որպես գյումրեցի, ցանկալի է իմ քաղաքին մոտ, բայց դա էական չէ: Բարձադիր գոտում պետք է լինի եւ Հանրապետության որ տարածքում էլ, որ դրվի, կոմունիկացիաների առումով պետք է հարմար լինի, որպեսզի մարդիկ դժվարությամբ չմոտենան, քանի որ ակնհայտ է, որ տուրիստական մեծ հոսք կլինի: Սա աննախադեպ մակարդակի գործ է լինելու: Չեմ բացառում, որ նախագծին արտերկրից նույնպես հայտեր ներկայացվեն: Ես Եվրոպաներում որ լինում եմ, երբ ասում եմ՝ հայ եմ, չգիտեն ինչ ազգից եմ, հենց ասում եմ՝ Շառլ Ազնավուր, միանգամից հասկանում են: Չե՞ք կարծում, որ այս արձանով կարելի է իսկապես ճանաչողություն ձեռք բերել՝ որպես առաջին քրիստոնեական ազգ:
– Բայց քննադատությունների պակաս կարծես թե չկա, մարդկանց կարծիքները շատ տարբեր են, ի՞նչ կասեք:
– Էդ քննադատողներին մի բան կասեմ՝ կուզեի՞ք ՝ այսօր Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը կայարանում չլիներ, եւ միայն դատարկ փողոցը լիներ: ՄԵնք այսօր աշխարհում Քոչարով ենք ներկայանում: Կամ Զվարթնոց տաճարը, որ կառուցել են, Հայաստանում աղքատ մարդ չկա՞ր: Այդ բաժանումը միշտ եղել է, կա եւ կլինի: Իսկ այն, որ այսօր առաջնահերթը մեր բանակն է, այն զինելը, իհարկե, բոլորիս մտահոգությունն է, բայց եկեք անհատին չխառնենք պետության հետ: Պետք չէ, որ մենք որոշենք, թե այդ մարդն իր փողերը որտեղ ծախսի, նա իր բաժին բարեգործությունն արել եւ անում է, եթե բոլորը նա պիտի անի, բա այդ դեպքում պետությունն ի՞նչ պիտի անի:
– Հայ առաքելական եկեղեցին թեև պաշտոնապես որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, այնուամենայնիվ, բարձրաստիճան հոգևորականների կողմից հնչեցին կարծիքներ, թե արձաններ տեղադրելու սովորույթը կաթոլիկ եկեղեցուն է պատկանում, եւ մեր եկեղեցու ավանդույթներից դուրս է:
– Ժամանակին մեր եկեղեցում չի եղել մոմավաճառությունը, մեքենաներով շրջելը, հեռախոսով խոսելը, բայց աստիճանաբար եղավ, չէ՞, ամեն ինչ պետք է արդիականացվի, որ այսքան աղանդ չգա մեզ ծածկի: Ասում են՝ արձան մի կանգնեցրեք, բայց իրական քիրստոնյա դառնանք: Իսկ եթե այդ արձանի տեղադրումով մեր ազգի մեկ տոկոսն իսկ դարձի գա, հավատացեք՝ այն արդեն մեծ հաջողություն կհամարվի: Այս պրոյեկտից մեծ քարոզ ես դեռ չգիտեմ․․․
Նշենք, որ տարիներ առաջ Արտուշ Պապոյանի կերտած Հիսուս Քրիստոսի բրոնզաձույլ արձանը կանգնեցվել է Սիրիայի Քերովբեների լեռան գագաթին, որի բարձրությունը 12 մետր է, իսկ պատվանդանի հետ միասին՝ 39 մետր:Հուշարձանի տեղադրման 3 օրերի ընթացքումում Սիրիայում հակամարտող կողմերը դադարեցրել են ռազմական գործողությունները : Հուշարձանը կարելի է տեսնել հարևան Լիբանանից, Հորդանանից, Իսրայելից, Պաղեստինից։
