Գյումրեցի Մարիամի զգաստացնող <<ապտակը>> Փաշինյանին ու իշխանություններին

Գյումրեցի Մարիամի զգաստացնող «ապտակը» Փաշինյանին ու իշխանություններին Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի անամպ չի անցել։ Այս անգամ էլ, երբ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղիղ եթերի միջոցով ներկայացնում էր Գյումրին, ցուցադրում զբոսաշրջիկներին հետաքրքիր վայրերը նկարվում մոտեցող տեղացիների հետ ու պատասխանում հարցերին, նրանց է մոտենում Մարիամ անունով մի կին, ով Փաշինյանին անվանել է խաբեբա ասելով․ «Խաբեբա, խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա»: Կինը նշեց, թե ոչ մի փոփոխություն երկրում չի եղել: Երբ թիկնապահները փորձեցին նրան հեռացնել, Փաշինյանը կոչ արեց չքաշքել տիկնոջը: «Ամեն ինչ լավ կլինի, պետք չէ հուսահատվել»,-դիմելով կնոջն ասել է Փաշինյանը։ Միջադեպը մամուլում լայն արձագանք է ստացել։ Սպասելի է, որ առաջիկա օրերին այն լայնորեն կքննարկվի։ Անձերը մի կողմ դնելով արձանագրենք․ մարդիկ հեղափոխությունից ունեն ակնկալիքներ։ Մարդիկ շատ կոնկրետ սպասելիքներ ունեն Փաշինյանից, նրա թիմից եւ ցանկացած բացթողում, թերացում ձախողում նման կերպ են արձագանքում։ Փաշինյանի համար սա իրական Հայաստանի հետ հանդիպում էր։ Ընդ որում, եթե մարդկանց ամենօրյա կյանքում դրական փոփոխություններ չլինեն, բարեկեցության մակարդակը չբարձրանա, բողոքավորները եւ թվապես կշատանան եւ արդեն իսկ քիչ չեն եւ ավելի ռադիկալ քայլերի կգնան։ Գյումրին հատկապես, որը միշտ հայտնի է եղել եւ այսօր էլ է որպես ամենից ըմբոստ քաղաքը, եւ նաեւ՝ ամենից ճշմարտախոս ու խստապահանջ քաղաքը։ Ով կարողացավ շահել Գյումրիի համակրանքը կշահի Հայաստանի համակրանքը․ սա հայտնի բան է։ Ուստի, գյումրեցի Մարիամի քննադատությունը առնվազն զգաստացնող «ապտակ» էր Փաշինյանի համար։
https://www.youtube.com/watch?v=J-lDKIRmk84&feature=youtu.be
