Գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են հնագույն քարացած քրոմոսոմներ 52 000 տարեկան բրդոտ մամոնտի մորթում

Նոր հետազոտության համաձայն՝ հայտնաբերվել է, որ մամոնտի բրդոտ մաշկի մի կտորում, որը հանվել է սիբիրյան հավերժական սառույցներից, քրոմոսոմներ են պարունակվում, սա նման առաջին հայտնագործությունն է։

Հետազոտողները հայտնաբերել են 52 000 տարեկան մամոնտի մնացորդներ 2018թ.. Բելայա Գորա գյուղից ոչ հեռու, Սիբիրի հյուսիս-արեւելքում, որտեղ ցածր ջերմաստիճաններն օգնել են, որ քրոմոսոմի կառուցվածքը պահպանվի։ Դրանք մանրագույն կառուցվածքներ են, որոնք կրում են գենետիկ նյութ կամ ԴՆԹ։ Թեեւ հնագույն ԴՆԹ-ի նմուշներ նախկինում գտել են բազմաթիվ անգամներ, դրանք, որպես կանոն, խիստ հատվածայնացված են եղել եւ պարունակել են ընդամենը գենետիկ կոդի հարյուր տառ։

Հանածո քրոմոսոմները պարունակում են միլիոնավոր նման տառեր, ինչն անհամեմատ ավելի լիակատար է դարձնում պատկերացումը կենդանու գենետիկ կոդի մասին։ «Հանածո քրոմոսոմներ մինչ այժմ չեն գտնվել»,- ասել է Բեյլորի Բժշկական քոլեջի մոլեկուլյար գենետիկայի եւ մարդու գենետիկ ուսումնասիրության պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Էրեզ Լիբերման Էյդենը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում։

Նախորդ հետազոտություններում հատվածները կարգավորված կառուցվածք չեն ունեցել, ավելացրել է Լիբերման Էյդենը։

«Այստեղ հատվածները հստակ տեղակայված են 3-ձեւաչափով, ըստ էության, այնպես, ինչպես դրանք տեղակայված են եղել կենդանի մամոնտի ելակետային քրոմոսոմներում»,- ասել է նա։

Հետազոտության համահեղինակ, մոլեկուլյար գենետիկայի եւ մարդու գենետիկ ուսումնասիրության ամբիոնի դոցենտ Օլգա Դուդչենկոյի խոսքով՝ քրոմոսոմները, որոնք հետազոտողներն անվանում են «չհանքայնացված քարացածություններ», գտնվում են այնպիսի վիճակում, որը բավարար է այն բանի համար, որպեսզի հավաքվի անհետացած տեսակի գենոմը կամ ողջ ամփոփ գենետիկ նյութը։

«Մենք համոզված ենք, որ դա վերաբերում է ոչ միայն մամոնտներին կամ կոնկրետ այս տեսակին, այլեւ, ըստ էության, նոր ոլորտ է բացում, որը հսկայական պոտենցիալ ունի»,- նշել է Դուդչենկոն։

Share This