Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Գերմանական բանակի ստորաբաժանումներն օգնում են մարել Բելգիայի «Հոհես Վեն» արգելոցում բռնկված խոշոր հրդեհը՝ Գերմանիայի սահմանին հարակից տարածքում։ Գերմանիայի զինված ուժերը տեղակայել են NH-90 ուղղաթիռներ, տեղեկացնում է Դոյչե Վելեն՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։

Գործողությունը մեկնարկել է այսօր և նախատեսվում է շարունակել ևս յոթ օր։ Վերջին օրերին բանակը մասնակցել է նաև Հյուրտգենվալդի մոտ հրդեհաշիջման աշխատանքներին։

Մոնշաուի փոխքաղաքապետ Ֆրանց-Կարլ Բոդենը հայտնել է, որ վաղը լուսաբացից գործողությունները կվերսկսվեն, և հիմա հրդեհի տարածման վտանգը դեպի Գերմանիա չկա։ Գիշերը այն չի տարածվել դեպի սահմանը, առավոտյան թեթև անձրև է սկսվել։

Երեկ Մոնշաուի մի խումբ բնակիչներ ստիպված են եղել լքել տները ուժեղ ծխի պատճառով։ Տարհանման հրամանը վերաբերում է 17 տների, տարհանվել է 30 մարդ, որոնցից գրեթե բոլորը ժամանակավոր ապաստան են գտել հարազատների ու ընկերների տներում։

Share This