Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Բաղրամյան 3 շենքի բակում կառուցվել է պուրակ՝ նվիրված 44-օրյա պատերազմի անմահ հերոսներին։ Սևանի համայնքապետարանի աշխատակազմը «Արմենպրես»-ին նշեց, որ գաղափարի հեղինակն է ծննդով գագարինցի, ՌԴ-ում բնակվող Նորայր Պողոսյանը, նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հարություն Ավանեսյանի և համախոհների միջոցով։
Գագարին բնակավայրը 44-օրյա պատերազմում ունեցել է յոթ կորուստ, որոնց հիշատակը հավերժացվել է նաև 2021-ին։ Հուշախաչքար-աղբյուրն «պատմում» է Տիգրան Ղարիբյանի, Ալիկ Պետրոսյանի, Հարություն Ռաֆայելյանի, Ռադիկ Թորոսյանի, Հովիկ Վերանյանի, Արթուր Վիրաբյանի, Լեռնիկ Վերանյանի սխրանքի մասին, իսկ երկրորդ նախաձեռնությամբ Գագարինում ավելացել է ևս մեկ պուրակ՝ հարգանքի տուրք հերոսներին։
