-Shadow-Here--Shadow-Here- Բրյուսելից հետո՝Վլադիվոստոկ։Ինչու՞ է Փաշինյանը մեկնում Ռուսաստան – ԱՄԲԻՈՆ NEWS

Բրյուսելից հետո՝Վլադիվոստոկ։Ինչու՞ է Փաշինյանը մեկնում Ռուսաստան

Այն որ Հայաստանի գործող իշխանությունը ձգտում է քիչ թե շատ բալանսավորված պահել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները՝հասկանալի է,հաշվի առնելով 2-ու հակադիր բևեռների միջև ընթացող կոշտ աշխարհաքաղաքական պայքարը։Կտրուկ շրջադարձ կատարելը այս կամ այն կողմ,մեր երկրի համար հղի է շատ ծանր հետևանքներով։Կարծում եմ,այս վտանգը ամբողջ խորությամբ չեն գիտակցում Հայաստանի ներքաղաքական դաշտում գործող թե արևմտամետ,և թե ռուսամետ ուժերը։Առաջինները կոչ են անում դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից,և իրենց բախտն ու ճակատագիրը կապել Եվրամիության և ՆԱՏՈ-ի հետ,մյուսները ցանկանում են Հայաստանը տեսնել Ռուսաստան-Բելառուս միության կազմում։2-ու ճանապարհներն էլ Հայաստանի համար վտանգավոր են և անհեռանկարային։Քանի որ,ընտրություն կատարելով գերտերություններից մեկի օգտին՝անհնար է չհարվածել մյուսի շահերին։Իսկ երբ դու փոքր երկիր ես՝սահմանափակ ռեսուրսներով,պետք է քայլ անելուց առաջ մտածես հնարավոր հետևանքների մասին։Ինչպես ասում են,հազար անգամ չափես՝մեկ անգամ կտրես։Մենք իրավունք չունենք գնալ չմտածված,արկածախնդիր քայլերի՝վտանգի տակ դնելով մեր երկրի գոյության հարցը։Պետք է լինենք իրատես,վարելով ճկուն արտաքին քաղաքականություն և աշխատանք տանելով բոլոր խոշոր խաղացողների հետ։Մենք պետք է կարողանանք հայությանը հուզող բոլոր խնդիրները ներկայացնենք տարբեր միջազգային հարթակներում,թույլ չտալով որևէ մեկին օգտագործել մեզ՝սեփական շահերը առաջ մղելու և մեր շահերին վնաս պատճառելու համար։Գիտակցու՞մ է այս ամենը Հայաստանի գործող իշխանությունը։Դժվարանում եմ ասել։Ունի՞ բավարար կամք և կարողություն՝նուրբ դիվանագիտական խաղի կանոնները ընկալելու և մեր երկրի քաղաքական շահն ու օրակարգը միջազգային ասպարեզում ճիշտ ներկայացնելու համար։Խիստ կասկածում եմ։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո,սպասելի էր,որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստան,մանավանդ երբ այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը խիստ բացասական վերաբերմունք էր հայտնել Եվրախորհրդի միջնորդական ջանքերի վերաբերյալ,դրանք անվանելով «կեղծ»։Հայաստանի վարչապետը՝Բրյուսելից վերադառնալուց հետո,չհապաղեց զանգահարել Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինին և ներկայացնել եռակողմ հանդիպման մանրամասները։Ու եթե այստեղ ինչ որ չափով առկա է քաղաքական ռացիոնալիզմ,ապա նույնը չի կարելի ասել՝սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կայանալիք Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին Հայաստանի վարչապետի մասնակցության մասին։Նստաշրջանին կմասնակցեն Ռուսաստանի,Չինաստանի,Մոնղոլիայի,Մյանմայի ղեկավարները,ինչպես նաև Հնդկաստանի և Մալայզիայի առաջնորդները՝տեսակապի միջոցով։Այն որ Արևելյան տնտեսական այդ ֆորումին մասնակցում են նշված երկրները միանգամայն հասկանալի է։Որ միջոցառման անցկացման վայր է ընտրվել Վլադիվոստոկ քաղաքը,դա էլ է հասկանալի և ունի շատ տրամաբանական բացատրություն։Այս երկրների ղեկավարները հավաքվելու են՝արևելյան Ասիայի և հեռավոր Արևելքի խնդիրները քննարկելու համար։Իսկ հիմա,ասացե՜ք խնդրեմ,Հայաստանը ի՞նչ կապ ունի այդ ֆորումի և այդ տարածաշրջանի հետ առհասարակ։Մենք ի՞նչ գործ ունենք այնտեղ,մանավանդ երբ մեզ հուզող խնդիրների մասին խոսք անգամ չկա։Չլինի՞ հավակնում ենք գերտերություն դառնալ։Իսկ եթե ավելի լուրջ,ապա Հայաստանի իշխանությունները փորձում են առիթը բաց չթողնել՝Ռուսաստանին ամեն կերպ իրենց հավատարմությունը հայտնելու,այդ երկրի կողքին մշտապես գտնվելու և քծնելու համար։
Ուշադրություն դարձրեք,որ Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմող Բելառուսն էլ այդ միջոցառմանը չի մասնակցելու։Հավանաբար Լուկաշենկոն դրա իմաստը չի տեսնում։Ի վերջո Բելառուսն ուր,հեռավոր Արևելքի տարածաշրջանն ուր…
Ի դեպ,Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում նախատեսված են ՌԴ նախագահ Վ.Պուտինի երկկողմ հանդիպումները արտասահմանյան առաջնորդների հետ,որոնք հրավիրվել են համաժողովին։Դեռևս պարզ չէ,թե Պուտինը առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ,թե ոչ։Այդ մասին հստակորեն ոչինչ չի ասվում։Բայց կարելի է ենթադրել,որ նման հանդիպում այնուամենայնիվ կայանալու է։Հակառավ դեպքում Հայաստանի վարչապետը ինչու՞ է այդպես շտապում Վլադիվոստոկ,ինչպես արդեն նշեցինք,մեզ հետ որևէ առնչություն չունեցող միջոցառմանը ֆորմալ ներկայություն ապահովելու համար։

Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )