Բելառուսում տնտեսության պոտենցիալ անկումը նշանակելու է վտանգ նաև ԵԱՏՄ-ի համար. բելառուսցի փորձագետ

Տնտեսական հարցերով բելառուսցի մասնագետ Լև Լվովսկիի խոսքով`Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ապագան կախված է նրանից, թե որքան արագ կավարտվի երկրում ստեղծված հակասությունների արդյունքում անորոշ իրավիճակը և թե ինչպիսին կլինի այդ անորոշության ելքը: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց`անդրադառնալով իրենց երկրում ստեղծված իրավիճակին:

«Վերցնենք երկու սցենար: Եթե Լուկաշեկոյին հաջողվի կոտրել բողոքը և մնալ իշխանության, կարևոր կլինի, թե նրան դա ինչպես կհաջողվի: Եթե նա ոչ մի երկխոսության չգնա և փորձի ուժի միջոցով կանգնեցնել բողոքը, ապա Բելառուսի տնտեսական վիճակը կդառնա ոչ այդքան նախանձելի: Բոլոր բնագավառներում արդյունավետությունը անկում կապրի, բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսք կլինի երկրից, հատկապես ՏՏ ոլորտի մասնագետերի մեծ մասը գնա, կլինեն բարդ խնդիրներ մեր առանց այդ էլ շատ բարձր տոկոսներով պետական պարտքի վերաֆինանսավորման հարցում»,- ասաց նա:

Բելառուսցի տնտեսագետի խոսքով` Լուկաշենկոյի կողմից իշխանությունը ուժով պահելու դեպքում կփակվեն նաև Արևմուտքի դռներն իրենց համար, իսկ դա նշանակում է, որ իրենց կողքին մնացող խաղացողները` Ռուսաստանը և Չինաստանը, եթե անգամ ցանկանան տալ իրենց պարտք, ապա նրանց ձեռքում կլինի շուկայի ուժը և հետևաբար նրանք ավելի բարձր տոկոսադրույքներով Բելառուսին կտան այդ գումարները:

«Երբ մենք խոսում ենք պետական պարտքի մասին, պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան չի ճանաչել Բելառուսում կայացած ընտրությունները: Լուկաշենկոյի ներկա մանդատը մինչև նոյեմբեր է գործում, իսկ դա նշանակում է, որ նոյեմբերի 10-ից հետո Լուկաշենկոյի կողմից ստորագրված պայմանագրերը գուցե հնարավոր չլինեն բողոքարկել միջազգային դատարաններում: Այսինքն` եթե Լուկաշենկոն Ռուսաստանից, օրինակ, վերցնի 3 միլիարդ դոլարի վարկ, ապա հետո Բելառուսի կողմից դա չմարվելու դեպքում Ռուսաստանը չի կարող բողոքել միջազգային դատարանում»,- ասաց նա`նշելով, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեպքում Յանուկովիչի ժամանակ նման փորձ ունեցել է:

Ռուսաստանն այս պարագայում, ըստ Լև Լվովսկիի, հնարավոր է` զգուշանա, դա կարող է իր ազդեցությունն ունենալ Չինաստանի որոշումների վրա: Չինաստանը սովորաբար գումար է տալիս` ինչ-որ պայմանով կամ ինչ-որ գրավի դիմաց` ձեռք բերելով ինչ-որ բացառիկ իրավունքներ տրանզիտի, հողերի կամ արտադրությունների նկատմամբ: Այդ դեպքում այդ գրավը կլինի իրավաբանորեն վիճելի,- ասաց նա:

Երկրում ստեղծված իրավիճակը, ըստ նրա, նաև իր անդրադարձն է ունեցել բանկային համակարգի վրա, սկսվել է խուճապ, տարածվում են բամբասանքներ, որ կլինեն ներդրումների սառեցումներ, մարդիկ հասկանում են, որ արտաքին փոխառությունները հարցականի տակ են, դրա պատճառով մարդիկ հանում են բանկերից իրենց դեպոզիտները, արդյունքում անգամ առողջ բանկերը ապրում են ոչ այդքան լավ ժամանակներ:

Եթե ճնշումներն ուժային ճանապարհով լինեն, չի նշանակելու, որ մարդիկ դրանից հետո իրենց աշխատանքին ուրախությամբ կգնան: Նրանց աշխատանքի արդյունավետությունն ընկնելու է, մուլտիպլիկատիվ էֆեկտով դա ամենամեծ ազդեցությունը կունենա սպասարկման ոլորտի վրա»,-ասաց նա:

Ըստ փորձագետի` եթե Լուկաշենկոն ուժի չդիմի, ապա նրանց վիճակը գուցե շատ չվատանա, բայց, իհարկե, տնտեսական ցուցանիշների բարձրացում նրանք չեն տեսնի, պարզապես կլինի նախորդ սցենարի ավելի մեղմ տարբերակը:

«Մենք տեսնում ենք, որ Լուկաշենկոն ընդհանրապես չի ցանկանում որևէ երկխոսության գնալ, ինչն առաջացնում է անհանսգստություններ տնտեսական վիճակի վերաբերյալ»,- ասաց նա:

Անդրադառնալով հայ-բելառուսական հարաբերություններին, և որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից է շնորհավորել Լուկաշենկոյին վերընտրվելու առթիվ, Լև Լվովսկին բերեց Ռուսաստանի օրինակը:

«Ասվում է, որ դիվանագիտական լեզվով շնորհավորելը այլ բան է, ընտրությունների արդյունքները ճանաչելը` այլ: Օրինակ` Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն ճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները: Իսկ հարցին, թե Պուտինն ինչու է շնորհավորել Լուկաշենկոյին, պատասխանել են` պարզապես նա քաղաքավարի մարդ է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են բելառուսցիները վերաբերում Լուկաշենկոյին շնորհավորող առաջնորդներին, ապա ըստ նրա, կոնկրետ Հայաստանի մասով գուցե շատ չեն հետաքրքրվում, բայց հաշվի առնելով բողոքի չափերը, մասշտաբը, կարծում եմ, որ այլ երկրներին հարկ պիտի լինի մտածել Բելառուսի հետ հարաբերությունների հեռանկարի մասին:

Անդրադառանալով նրան, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Բելառուսում տեղի ունեցողը ԵԱՏՄ-ի վրա, Լև Լվովսկին նշեց, որ պետք է հաշվի առնել, որ Բելառուսում տնտեսության պոտենցիալ անկումը նշանակելու է վտանգ նաև տնտեսական կառույցի համար:

«Դա նշանակում է արտահանման և ներկրման ծավալների անկում, իսկ դա այնքան էլ լավ բան չէ»,-ասաց նա` նշելով, որ դա օրինաչափ է բոլոր տեսակի տնտեսական կառույցների դեպքում. մեկում եղած խնդիրները ազդում են մնացածի վրա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )