Այսօր ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան 2-րդ տարելիցն է։

Ambion-News.am-ը զրուցել է կնոջ՝ Լիլիթ Մանուչարյանի հետ ։
Վանո Սիրադեղյանը Լիլիթ Մանուչարյանի հետ ապրել է շուրջ 20 տարի: Լիլիթը Վանո Սիրադեղյանի հետ ծանոթացել է «Մանկավարժ» թերթում աշխատելու տարիներին: Իր հարցազրույցում Վանո Սիրադեղյանն ասել էր, որ սկսել է տպագրվել 1978 թվականից: Կնոջն ուղղած նամակում Վանոն գրում է իր առաջին պատմվածքների մասին:
Լիլիթ Մանուչարյանը նույնպես գրել և գրում է: Նրա «Ընտրյալի որոնում» պատմվածքների ժողովածուն, մասնավորապես «Անազատության մեկուսարան» պատմվածքը, նվիրված է Վանո Սիրադեղյանին: Լիլիթ Մանուչարյանի հետ ամուսնությունից էլ ծնվել են Արփի և Դավիթ Սիրադեղյանները:
-Տիկին Մանուչարյան , Վանո Սիրադեղյան մարդ տեսակի բացակայությունը թե Ձեր կյանքում, թե այսօրվա իրականության մեջ՝ հասարակական, քաղաքական կյանքում , որքանով է զգացվում. առհասարակ ով էր Վանո Սիրադեղյանը։
-Նա շատ հետաքրքիր մարդ էր։ Բավականին փոփոխամիտ, բայց ուղղախոս, ճշմարտախոս եւ երբեմն`չզիջող։ Չզիջելը հիմնականում վերաբերում է հայրենիք հասկացությանը։Դա անվիճելի, անքննելի անփոխարինելի երեւույթ էր նրա համար։ Եւ ապա որպես ստեղծագործող՝ նա երբեք խորհուրդների կարիք չէր զգում,բայց եւ շատ խիստ էր իր գրած խոսքի նկատմամբ։
Մի անգամ իր սենյակից բարձր խոսակցություն լսելով՝ ես բացեցի դուռը եւ շատ զարմացա.նա բարձրաձայն կրկնում էր իր գրելիք նախադասությունը,հավանաբար ուզում էր ստուգել, թե ինչ տպավորություն կթողնի իր գրածը իր վրա։ Նա շատ կապված էր իր երեխաներին,բայց միշտ ափսոսում էր՝ երեխաներին քիչ ժամանակ տրամադրելու համար։
-Նրան ձեզանից լավ ոչ -ոք չի ճանաչել։ Ի վերջո, 20 տարվա կողակիցն եք եղել` կիսե՞լ եք գաղափարական արժեքները, եւ եթե նա այսօր ողջ լիներ, կներգրավվե՞ր քաղաքական կյանքին, ի՞նչ եք կարծում։
-Մենք միասին երկար ենք ապրել եւ կարծում եմ որ փոխադարձաբար լրացնում էինք իրար։Մենք բոլորս մեծ խանդավառությամբ մասնակցում էինք Ղարաբաղ կոմիտեի շարժման միտինգներին եւ իսկապես որ համախոհներ էինք, նա իսկապես անձնուրացորեն խրված էր այդ ծանր պայքարի մեջ։
Նա նետվել էր այդ հորձանուտի մեջ։Հիմա առավել եւս նա կմասնակցեր ժողովրդական շարժմանը, որովհետեւ տանել չէր կարողանում, նույնիսկ , քաղաքականության մեջ կեղծիքն ու չարությունը։ Ի վերջո, նա լոռեցի էր՝ հոգով շիտակ եւ ազնիվ, բայց նաեւ ըմբոստ եւ դժվար հարմարվող։
-Եթե նա ողջ լիներ, ի՞նչ ուղերձով հանդես կգար։ Այսօրվա իրողությունները, կարծես թե, տարիներ առաջ նա իր հոդվածներից մեկում գուշակել էր, այդպես չէ՞․․․