Արցախցիների թոշակի հաշվարկի համար լրացուցիչ հիմքեր են պահանջում. նախարարությունն արձագանքել է

Արցախից բռնի տեղահանված կենսաթոշակային տարիքի քաղաքացիները Հայաստանում կենսաթոշակային ստաժի հաշվարկման հետ կապված խնդիրների են բախվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մանուշ Եսայանը:

Նա տեղեկացրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը, որտեղ հաշվարկվում է քաղաքացու կենսաթոշակը, Արցախից բռնի տեղահանված իր վստահորդների աշխատանքային գրքույկներում առկա գրառումները բավարար ապացույց չի համարել աշխատանքային ստաժի հաշվարկման համար՝ պահանջելով լրացուցիչ ապացույցներ:

«Աշխատանքային գրքույկները պատշաճ լրացված են, որևէ խախտում չկա, սակայն նախարարությունից պարզաբանում են, որ ՊԵԿ-ին ուղղված հարցումների արդյունքում  չի հիմնավորվել, որ տվյալ քաղաքացին 35 և ավելի տարիների աշխատանքային ստաժ ունի: Գուցե տվյալների բազաներն են թերի կամ արխիվները փոխանցելու հետ կապված խնդիրներ կան, սակայն դրանք չպետք է ի վնաս քաղաքացու կիրառվեն»,-նշեց Եսայանը:

Փաստաբանի խոսքով՝ վարչարարության հիմնարար սկզբունքների համաձայն՝ անձի հայտնած տեղեկությունները համարվում են հավաստի, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

«Ասում են՝ տվյալների բազաներում չենք հայտնաբերել, լրացուցիչ ապացույցներ բերեք: Այս իրավիճակում անձը երևի թե պետք է դիմի Ադրբեջանի՞ն, որ ստանա ապացույցներ, որ աշխատել է իքս տարիներ և իրավացիորեն հավակնում է ստանալ համապատասխան կենսաթոշակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վարչական մարմնի կողմից քաղաքացու աշխատանքային ստաժի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չունենալը չի կարող համարվել հերքող ապացույց:

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների կենսաթոշակային ստաժի հաշվարկման հետ կապված խնդրով արդեն իսկ հայցադիմումներ են ներկայացվել ՀՀ վարչական դատարան:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Արցախից տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար կարող են դիմել միայն ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստայնը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ աշխատանքային ստաժի հաշվարկման հետ կապված հիշյալ խնդիրը նոր չէ. այն վերաբերում է ոչ միայն ԼՂՀ, այլև ՀՀ  տարածքում քաղաքացիների աշխատած ժամանակահատվածին:

Նախարարության պաշտոնյայի խոսքով՝ մինչև 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992թ. հունվարից մինչև 2013թ. հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

«2012-2013 թվականներից սկսած մենք հիմք ենք ընդունում հարկային մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությունը: Իսկ 1992թ. մինչև 2012-2013թ.  ընկած ժամանակահատվածում աշխատանքային ստաժը հաստատելու հետ կապված դժվարություններ կան, քանի որ շատ արխիվներ պահպանված չեն»,-ասաց նա:

Գալստյանի խոսքով՝ սա է պատճառը, որ բացի աշխատանքային գրքույկից, իրենք պահանջում են նաև սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստացած լինելը հավաստող փաստաթուղթ:

«Օրենսդրությամբ նախատեսված  է, որ դպրոցներում, մանկապարտեզներում, գործկոմներում աշխատած ժամանակահատվածը հաշվարկվում է բացառապես աշխանքային գրքույքներում առկա գրառումների հիման վրա»,-նշեց նա՝ հավելելով, որ արդեն մեկ տարի է այս դրույթը տարածվում է նաև քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածի վրա:

Գալստյանը հայտնեց, որ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատած լինելու պարագայում այլևս չի պահանջվի սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստացած լինելը հավաստող փաստաթուղթ, ինչը  կվերաբերվի թե՛ Հայաստանում և թե՛ ԼՂՀ տարածքում աշխատած ժամանակահատվածներին:

Share This